Դեռ չեկած` Բալասանյանի թիկնապահների հարցը
Ըստ “Գալա” հեռուստաընկերության, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի 7 հոգանոց կազմը ծեծի է ենթարկել Գյումրիի բնակիչներ Արթուրին եւ Ռուբենին: Ըստ նույն աղբյուրի, նրանց ծեծել են տղաներից մեկի բակում ընտանիքի անդամների`կնոջ, երեք դուստրերի, ինչպես նաեւ հարեւանների աչքի առաջ:
Դեպքը, ինչպես պատմել են Գյումրու “Պոլիգոններ” կոչվող թաղամասի բնակիչները, ծագել է այն պատճառով, որ Արթուրին, ով համարվում է Բալասանյանների ընտանիքին պատկանող օբյեկտներից մեկի նախկին աշխատակիցը, հեռացրել են աշխատանքից, ինչի պատճառով էլ ծագել է վեճը: Արթուրը երկար ժամանակ զբաղվել է սպորտով, հետո որոշակի ժամանակով աշխատել է Անուշարանում՝ որպես անվտանգության աշխատակից: Նրան աշխատանքից հեռացրել են առանց բացատրության, ինչի հետեւանքով էլ ծագել է վիճաբանություն:
Սամվել Բալասանյանի օգնական Զոհրաբ Եգանյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ պ-ն Բալասանյանը տեղյակ չէ այդ միջադեպից եւ պետք չէ կապել նրա անվան հետ: “Բալասանյանը երբեք թիկնազոր չի ունեցել, այն էլ 7 հոգանոց: Մի խոսքով դա կապ չունի մեզ հետ”,-ասաց Եգանյանը:
Փորձենք հավատալ նրա օգնականին, սակայն ավելի վաղ, դեռւես նախընտրական փուլում Henaran.am-ը գրել էր, որ Բալասանյանը Գյումրիում թիկնապահներով է շրջում եւ նույնիսկ ավելացրել է նրանց թիվը: Այդ ժամանակ սակայն ոչ մեկը չհերքեց, որ Բալասանյանը թիկնազոր չունի: