Ապրիլյան քառօրյա պատերազմը դատապարտող փաստաթուղթը ընդունվել է 27 երկրների պառլամենտականների կողմից /վիդեո/
Ապրիլյան քառօրյա պատերազմը դատապարտող փաստաթուղթ է ընդունվել Ուղղափառ պառլամենտականների 23-րդ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից, որն անցկացվել է հուլիսի 4-8-ը՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում։
Այսօր՝ հուլիսի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը եւ պատվիրակության անդամ Արագած Ախոյանը ներկայացրեցին փաստաթղթի բովանդակությունը:
Բանախոսները տեղեկացրին, որ փաստաթուղթը ընդունվել է 27 երկրների պառլամենտականների կողմից.
«Հայաստանն այս վեհաժողովի հիմնադիր անդամներից մեկն է։ Այն գրանցված է ՄԱԿ-ում եւ այստեղ ընդունված որոշումները գնում են ՄԱԿ եւ աշխարհի բոլոր խորհրդարաններ։ Հաշվի առնելով ապրիլյան իրադարձությունները՝ մեր պատվիրակությունը 2-3 էջանոց մի հայտարարություն տարածեց վեհաժողովի անդամների համար, որտեղ ներկայացվեցին ապրիլյան դեպքերը եւ թե ինչպիսի տեռորիստական եւ անմարդկային վերաբերմունք են դրսեւորել մեր ոխերիմ հարեւանները»,-նշեց Մկրտիչ Մինասյանը:
Արագած Ախոյանն էլ տեղեկացրեց, որ սա առաջին փորձը չէ՝ Ուղղափառ պառլամենտականների վեհաժողովում ապրիլյան դեպքերը դատապարտելուն ուղղված:
«Ապրիլի 4-ին ես շատ վրդովված էի, շտապ մի թերթիկ պատրաստեցինք, որպեսզի քարտուղարության հայտարարության մեջ ընդգրկվի։ Պետք է ասեմ, որ այդ ժամանակ բավականին երկրներ դեմ եղան՝ Ռումինիայի եւ մի քանի այլ երկրների պատգամավորներն ասացին, որ չեն կարող ստորագրել, քանի որ ունեն իրենց արտաքին քաղաքականության խնդիրները»,-նշեց Արագած Ախոյանը։
«Քաղաքականությունը և դիվանագիտությունը հնարավորությունների արվեստ է: Միջազգային այն կառույցները որոնք կարող են միջոցներ ձեռնարկել դա պետք է անեն հասցեական»,-ընդգծեց Մկրտիչ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: