Կրթական համակարգում բարեփոխումներ են անհրաժեշտ.վարչապետը հանձնարարեց
«Ընթացող քննական գործընթացները վկայում են, որ կրթական համակարգի բարեփոխումներն ավելի քան պահանջված են»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Վարչապետի խոսքով՝ պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ, մատչելի, մրցունակ, միեւնույն ժամանակ հայեցի, հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր:
«Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած դրա հավաստագրումից մինչեւ ընտրությունը պետք է դառնա պարզ, թափանցիկ գործընթաց»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը գտնում է, որ որոշակի լուծումներ են պահանջում նաեւ ավագ դպրոցների հիմնախնդիրները, քանի որ բավական կուտակված հարցեր կան մասնագիտական կրթության ոլորտում:
«Ուզում եմ նաեւ ընդգծել բուհերի ռեֆորմների անխուսափելիությունը: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման եւ գործունեության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառմանը: Վերանայման եւ կատարելագոծման կարիք ունեն դպրոց-բուհ անցումն ապահովող կառույցների գործառույթները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը ԿԳՆ-ի ուշադրությունը հրավիրեց բուհական կրթության արդյունավետության բարձրացման վրա եւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հանձնարարեց նախապատրաստել կառավարությունում հանրակրթության հիմնախնդիրներին եւ բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումներին նվիրված խորհրդակցություններ: