Սաակաշվիլիին մտադիր են պատասխանատվության ենթարկել 2008-ի պատերազմի համար
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել հետաքննություն սկսելու նախաձեռնությամբ, որը կորոշի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատասխանատվությունը` 2008-ի պատերազմի համար, տեղեկացնում է “Libération”-ը:
Ֆրանսիական թերթը գրում է, որ այդ պատերազմում Վրաստանը պարտվել է, Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, որոնք Թբիլիսին այսպես թե այնպես չի վերահսկում արդեն 20 տարի:
Իվանիշվիլին կարծում է, որ “պատերազմի թեման մութ էջերով է պատված”: Նա նշել է, որ հարկավոր է մանրամասնորեն հետաքննել կոնֆլիկտը: “Մենք պետք է ապրենք օբյեկտիվ փաստերով եւ ճշմարտությամբ: Հետաքննությունը չի վնասի ոչ Վրաստանի իմիջին, ոչ նախկին իշխանությունների եւ նախագահի իմիջին”,-վարչապետի խոսքերն է մեբերում “Грузия-Online”-ը:
Ինչ վերաբերում է 2008-ի դեպքերի առնչությամբ նախագահի ցուցմունքներ տալուն, ապա վարչապետը համոզված է, որ “հասարակությունը պետք է առավելագույնս բարեկիրթ լինի նախագահի նկատմամբ, սակայն դատական կարգով նրան հարցաքննելը անբարեկիրթ չէ”: