Հոլիվուդը Գյումրիում
Ապրիլի 10-ին Գյումրիում իշխում էր դասական երաժշտությունը։ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դահլիճում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը համատեղ ներկայացրին “Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop” համերգային ծրագիրը։
Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց հոլիվուդյան հայտնի ֆիլմերի (“Խիզախ սիրտը”, “Կարիբյան ծովի ծովահենները”, “Կնքահայրը”, “Մի անգամ Ամերիկայում” և այլն) մեղեդիները: Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ մշակվել են Երիտասարդական նվագախմբի համար:
ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ երիտասարդական նվագախումբը հաճախ է ելույթ ունենում գյումրեցի խստապահանջ հանդիսատեսի առաջ, ով կարողանում է ճիշտ գնահատել պրոֆեսիոնալ երաժշտին: Սերգեյ Սմբատյանը նշեց նաև, որ նվագախումբը որդեգրել է դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու քաղաքականությունը, և իրենք պարբերաբար տարբեր ծրագրերով ելույթ են ունենում մարզերի երաժշտասեր հանդիսատեսի համար։
Երիտասարդական նվագախումբը “Hollywood Non-Stop” ծրագրով արդեն իսկ հանդես է եկել Վանաձորում, Եղեգնաձորում, իսկ ապրիլի 19-ին սիրված ֆիլմերի մեղեդիները կհնչեն Արտաշատում։
Երեկ երեկոյան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում երաժիշտ-կատարողների “Վերածնունդ” միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում (մենակատար` կլարնետահար Իգոր Ֆյոդորով (Ռուսաստան):