Կալանավորվել են ‘Սևան ազգային պարկի’ տնօրենը և ևս երեք պաշտոնյա
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ներկայացրել է 33 հայց` “Սեւան» ազգային պարկ” ՊՈԱԿ-ի հողամասերի եւ /կամ/ կառուցապատման տրամադրման գործարքները վիճարկելու վերաբերյալ:
“Սեւան» ազգային պարկ” ՊՈԱԿ–ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ հողահատկացումների գործընթացում առկա են մի շարք ապօրինություններ, կեղծիքներ:
Արձանագրված չարաշահումների հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 27.06.2012թ. հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածով, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 3 անձանց` ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի երկու պաշտոնատար անձանց, մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջոցներ է ձեռնարկում` ապօրինի հողահատկացումների վերաբերյալ պայմանագրերն անվավեր ճանաչելու ուղղությամբ:
Այսպես` “Դատախազության մասին” ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների շրջանակներում դատարան ներկայացված 33 հայցերից 28-ը ներկայացվել է ապօրինի հողահատկացումների մասին պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով, 3 հայց ներկայացվել է` հողամասերի կառուցապատման իրավունքի պայմանագրի հիման վրա զբաղեցրած տարածքները «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին վերադարձնելու, իսկ 2 հայց` հողամասի վարձակալության մասին պայմանագրերը դադարացնելու եւ տարածքն ազգային պարկին վերադարձնելու պահանջով:
Հայցերի քննարկման արդյունքների մասին կտեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքից: