Հռոմի պապը խնդրել է աղոթել իր՝ Հայաստան այցելության համար
2016թ. հունիսի 16-ի առավոտյան Վատիկանում Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը «Արևելյան Եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորում» (ROACO) բարեսիրական կազմակերպության 89-րդ համագումարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, իր խոսքի վերջում խնդրել է աղոթել իր՝ հունիսի 24 -26-ը Հայաստան կայանալիք հովվական այցի համար, հայտնում է armenianchurchco.com-ը։
«Խնդրում եմ՝ աղոթեցեք ինձ համար, մի քանի օրից որպես ուխտավոր այցելելու եմ մի արևելյան երկիր՝ Հայաստան, որն առաջին երկիրն եղավ, որ ընդունեց Քրիստոսի Ավետարանը: Շնորհակալ եմ ի սրտե», -ասել է նա:
Անցյալ տարվա հունիսի 15-17-ը, ROACO-յի 88-րդ համագումարի մասնակիցների հետ իր հանդիպման ժամանակ Նորին Սրբությունն իր խոսքում հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ որպես քրիստոնեության օրրան և վասն հավատքի նահատակության պատմության երկիր, և խնդրել ROACO-ին չմոռանալ Հայաստանը իրենց ծրագրերը կազմելիս:
Անցյալ տարվա այդ համագումարին մասնակցեց նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, ով Հայաստանին աջակցության ծրագրեր է ներկայացրել կազմակերպությանը՝ թե կաթողիկէ և թե առաքելական համայնքների համար: Հաշվի առնելով Քահանայապետի խնդրանքը և Ռաֆայել Սրբազանի ներկայացրած ծրագրերը՝ ROACO-ոյի անդամ կազմակերպությունները Հայաստանին զգալի աջակցություն ցուցաբերեցին անցած մեկ տարվա ընթացքում: