8 ամսվա ընթացքում երկաթուղում 5 դեպք, 4 զոհ
Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկաթուղում մի քանի դժբախտ պատահար արձանագրվեց՝ չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից ձեռնարկվող պրոֆիլակտիկ միջոցառումներին, գծանցների և կայարանների բարեկարգմանը: Երկաթուղու հարևանությամբ գտնվող տների բնակիչները, միշտ շտապող և անհոգ վարորդները, շարունակում են հատել գծերն ըստ ցանկության, որտեղ պատահի՝ անտեսելով արգելող նշանները և դրա համար հատուկ նախատեսված անցումները և գծանցները:
2012 թվականի 8 ամիսների ընթացքում երկաթուղում տեղի էր ունեցել ոչ արտադրական վնասաբերության 5 դեպք, արդյունքում 4 մարդ էր զոհվել և 1-ը վիրավորվել: Համեմատության համար նշենք, որ 2009 թվականին արձանագրվել էր 17 դժբախտ պատահար, ինչի արդյունքում տուժել էր 11 մարդ (6 զոհ, 5 վիրավոր), 2010 թվականին նման դեպքերի թիվը կրճատվեց՝ 7-ը, տուժեց 4 մարդ (3 զոհ, 1 վիրավոր), իսկ 2011 թվականին տեղի ունեցավ 8 նման պատահար, տուժեց 4 մարդ (2 զոհ, 2 վիրավոր):
Երկաթուղում դժբախտ պատահարների գերակշիռ մասը պայմանավորված է գծերի չթույլատրված անցումներով՝ դրա համար բոլորովին չնախատեսված վայրերում: Մասնավորապես, 2012 թվականին արձանագրվել է վրաերթի 4 դեպք, որից 3-ը՝ մահացու ելքով. զոհվեցին երկու կին և մեկ տղամարդ (տարեց խուլ տղամարդը ուղղակի չէր լսել ջերմաքարշի զգուշացնող ձայնային ազդանշանները): 73-ամյա Էմմա Անանյանը զոհվեց օգոստոսի 23-ին՝ գծերը հատելով Այրում-Բագրատաշեն երկաթուղային հատվածի 2-րդ կմ-ում: 49-ամյա Նելլի Աբրամովան՝ հուլիսի 2-ին Ալավերդիում՝ վերադառնալով շուկայից և գծերն անցնելով <<Լաչինի միջանցք>> անվանումը կրող վայրում: Այս բոլոր դեպքերում՝ նույնիսկ արտակարգ արգելակման պայմաններում զոհերից խուսափել չստացվեց:
Վերջին դեպքում անվտանգության ապահովման հարցը պահանջեց համալիր լուծումներ, քանի որ, չնայած ՀԿԵ-ի կողմից մի քանի տարի շարունակ ձեռնարկվող միջոցների՝ հատուկ ցանկապատի տեղադրմանը, Ալավերդու և հարակից գյուղերի բնակիչները՝ երկաթուղային գծերից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ինքնաբուխ ստեղծված շուկա այցելելուց, հատուկ հետիոտների համար նախատեսված վերգետնյա անցումը թողած, նախընտրում են այդպես կոչված «Լաչինի միջանցքը»:
Դժբախտ պատահարից հետո դեպքի վայր այցելեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, որտեղ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի հետ ծանոթացավ հետիոտների համար ստեղծված պայմաններին: ՀԿԵ-ի ղեկավարն ու Ալավերդու քաղաքապետը պայմանավորվեցին ստեղծված իրավիճակին համատեղ և համակարգային լուծում տալ: Մասնավորապես, կողմերի պայմանավորվածության համաձայն, կտեղափոխվի երկաթուղու հարևանությամբ գտնվող հասարակական տրանսպորտի կանգառը: Երկաթուղու կողմից արդեն իսկ տեղադրվել է երկաթուղային գծերը չթույլատրված հատումը բացառող հատուկ ցանկապատը: Ինչպես նաև բարեկարգված է չթույլատրված անցումից 200 մետր հեռավորության վրա գտնվող հետիոտների համար նախատեսված վերգետնյա անցումը:
Սակայն այդ քայլերը խիստ դժգոհություն էին առաջացրել ինքնաբուխ շուկայի առևտրականների մոտ, ովքեր մարտաշունչ դիմավորեցին երկաթուղու աշխատողներին: Նրանց հիմնական փաստարկն այն է, որ եթե փակվի «Լաչինի միջանցքը» գնորդների թիվը կկրճատվի, իսկ զոհված Նելլի Աբրամովան ինքն է մեղավոր, քանի որ տեսել էր մոտեցող գնացքը:
Սակայն նրանք մոռանում են, որ հարցը ոչ թե զոհվածի մեղավորությունն է կամ անմեղությունը, այլ երկաթուղային գծերի հատման կանոնների պահպանման միջոցով մարդկանց անվտանգությունն ապահովելն է ու նման դեպքերը բացառելը: Նման պատահարները ողբերգություն են դառնում միայնգամից մի քանի ընտանիքի համար՝ զոհվածների և մեքենավարների, ովքեր չկարողացան զոհերից խուսափել:
Զգուշացնող ազդանշանների անտեսումը և անվտանգության կանոնների խախտումները երբեմն հասնում են աբսուրդի. Արտաշատում այս տարվա հունվարին տաքսին դուրս էր եկել փակված գծանց՝ կոտրելով արդեն իսկ իջեցված արգելափակոցը և հայտնվել ուղիղ գնացքի առջև: Բախումից խուսափելն արդեն անհնար էր, և արդյունքում զոհվեց տաքսու ուղևորը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր կողմից ձեռնարկում է անվտանգության ապահովության համար անհրաժեշտ միջոցները. իրականացնում է երկաթուղային գծանցների վերազինման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար անց են կացվում գծանցներում թերությունների և խախտումների բացահայտմանն ուղղված միջոցառումներ, հերթապահները հատուկ տեխնիկական դասընթացներ են անցնում, վարորդներին են բաժանվում հուշաթերթիկներ, իսկ բոլոր երկաթուղային կայարաններում գործում են հատուկ կահավորված անցումներ:
Ընկերությունը բազմիցս դիմել է բնակչությանը՝ խնդրելով լինել ավելի ուշադիր երկաթուղային կայարաններում, գծերը հատելուց, չանցնել գծերը ինքնակամ դրա համար բոլորովին չնախատեսված տեղերում, չօգտագործել երկաթուղին և հարակից տարածքները որպես արոտավայր անասունների համար: Վերջին շրջանում նման վարքագիծը դարձել է խիստ վտանգավոր ինչպես ուղևորների կյանքի և առողջության, այնպես էլ գնացքների անվտանգության համար:
Երկաթուղին հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության կանոնների մասին բնակչության իրազեկմանը: Այդ նպատակով բոլոր երկաթուղային կայարաններում զետեղված են հատուկ հուշաթերթիկներ: Բացի այդ ՀԿԵ-ն համագործակցում է տեղի իշխանությունների հետ, երկաթուղու հարևանությամբ գտնվող ձեռնարկությունների և դպրոցների հետ:
Սակայն մեր համաքաղաքացիներից ոմանք շարունակում են անտեսել այդ կոչերն ու ձեռնարկված միջոցները՝ մոռանալով, որ երկաթուղային տրանսպորտը, ինչպես ավտոմոբիլայինը, չի կարող անմիջապես կանգնել: Արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատար գնացքինը՝ մոտ 1000 մետր:
Իսկ նման դեպքերում հաճախ վճռորոշ դեր են խաղում մի քանի վայրկյաններն ու քայլերը…