24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերն ստորագրել են հայտարարություն

Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերը`

– կարեւորելով Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը եւ ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը,

– գիտակցելով, որ ընտրական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքի շուրջ հասարակական լայն համաձայնության (կոնսենսուսի) կայացմամբ, հայտարարում են, որ համաձայնություն են ձեռք բերել Ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկել, նրանում ընդգրկելով հետեւյալ դրույթներն եւ կատարել դրանց իրականացման միջոցառումներ.

1. Կիրառության է դրվում ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, հետեւյալ սկզբունքներով.

ա) ընտրողներին ոստիկանության մարմնի կողմից անվճար տրամադրվելու է նոր նմուշի նույնականացման քարտ: Նախկինում նույնականցման քարտ ստացած ընտրողներին նոր նմուշի նույնականացման քարտ չի նախատեսվում տրամադրել (թեեւ նրանք իրավունք ունեն վճարովի հիմունքներով ստանալ).

բ) անձնական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու նպատակով քաղաքացին ոստիկանության մարմնում հանձնում է ձեռքերի 10 (բոլոր) մատնահետքերը, ինչպես նաեւ Նույնականցման քարտերի մասին ՀՀ օրենքով նախատեսված այլ տվյալներ.

գ) ձեւավորվում է ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոցը, որի գրանցումները համակարգչային ծրագրի միջոցով ստուգվում են նույնականացման քարտերին ներկայացվող միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան,

դ) քվեարկությանը մասնակցելու իրավունք են ստանում միայն`

a. այն քաղաքացիները, ովքեր սահմանված կարգով հանձնել են մատնահետքերը սույն հայտարարության 1-ին կետով սահմանված նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու համար (տեխնիկական սարքավորման միջոցով).

b. նախկինում նույնականացման քարտ ստացած քաղաքացիները (տեխնիկական սարքավորման միջոցով).

c. զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկողները.

d. քրեակատարողական հիմնարկում քվեարկողները.

e. բժշկական հաստատությունում շրջիկ արկղով քվեարկողները.

f. նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետություն վերադարձած ընտրողների մասով քվեարկության օրը դատարանի որոշման կամ լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկողները: Այդ դեպքում հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի պահանջով ընտրողը պարտավոր է տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացնել հանրապետություն մուտք գործելու վերաբերյալ նշումներ պարունակող իր անձնագիրը.

g. նոր նմուշի նույնականցման քարտ ստանալու համար մատնահետքերը հանձնած, սակայն առանձին դեպքերում ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացիների մասով դատարանի որոշման կամ լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկողները:

ե) անվճար նույնականացման քարտերի տրամադրումը ավարտվում է քվեարկության օրվանից 20 օր առաջ: Անհրաժեշտ համարելու դեպքում կառավարությունը այդ ժամկետը կարող է երկարաձգել 10 օրով: Սույն համաձայնագրով նախատեսված կարգով ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող (Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահին նույնականցման քարտ ունեցող քաղաքացիների) անձանց ցուցակը հրապարակվում է օրենսգրքի փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, այնուհետեւ, համալրված նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու նպատակով գրանցված քաղաքացիների տվյալներով` Ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված ժամկետում եւ կարգով:

զ) քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվում է տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով (բացի դ) կետի c-g ենթակետերի): Բացառիկ դեպքերում, եթե մատնահետքերի միջոցով գրանցումը հնարավոր չէ (մատնահետքերը ֆիզիոլոգիական առանձնահատկություններից ելնելով ունեն ցածր ինֆորմատիվություն), ապա ընտրողի նույնականացումը իրականցվում է նույնականացման քարտի կամ անձնագրի վրայի առկա լուսանկարի հիման վրա.

է) կենտրոնացված էլեկտրոնային պահոցը պարբերաբար ենթարկվում է աուդիտի դոնոր կազմակերպությունների փորձագետների միջոցով` սույն համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված հանձնաժողովի պատվերով: Նախկինում նույնականացման քարտ ստացած քաղաքացիների էլեկտրոնային պահոցը եւս ենթարկվում է աուդիտի:

2. Ընտրողներին նոր նմուշի նույնականացման քարտեր տրամադրելու համար գրանցման գործընթացը մշտադիտարկելու, քաղաքացիների իրազեկման աշխատանքը կազմակերպելու եւ տեղամասերում տեսանկարահանումը եւ ուղիղ հեռարձակումը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է` իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների` հավասար մասնակցությամբ համատեղ պաշտոնական հանձնաժողով: Հանձնաժողովի լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ` Ընտրական օրենսգրքում եւ Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո` 20-օրյա ժամկետում:

3. Ընտրողների ստորագրված ցուցակները լիարժեք հասանելի են ստուգումների համար:

Այդ նպատակով`

ա) քվեարկության ավարտից անմիջապես հետո քվեարկության սենյակում ներկա վստահված անձինք կարող են ընտրական հանձնաժողովի նախագահից ստանալ ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանք` քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ` ըստ ընտրացուցակներում ընտրողների հերթական համարների: Տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց նույնականացումը իրականացվել է նույնականցման քարտի կամ անձնագրի վրայի առկա լուսանկարի հիման վրա: Քվեարկության սենյակում ներկա դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել եւ տեսանկարահանել այդ տեղեկանքը: Մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ավարտը վստահված անձինք, դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները իրավունք են ստանում ստուգելու ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանքի տվյալների համապատասխանությունը ընտրողների հիմնական ցուցակում քվեարկության մասնակիցների վերաբերյալ առկա տվյալների հետ:

բ) ընտրություններին մասնակցող կուսակցություններին իրավունք է տրվում համապատասխան հայտի հիման վրա տարածքային ընտրական հանձնաժողովներից պաշտոնապես ստանալու այդ հանձնաժողովի սպասարկման տարածքի բոլոր տեղամասերի ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումների միջոցով տպված տեղեկանքները` քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ` ըստ ընտրացուցակներում ընտրողների հերթական համարների: Տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց նույնականացումը իրականացվել է նույնականցման քարտի կամ անձնագրի վրայի առկա լուսանկարի հիման վրա: Նշված հայտերը ներկայացվում են վերահաշվարկի համար սահմանված ժամկետում: Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղեկանքների տրամադրումը կատարվում է քվեարկության ավարտից հետո՝ 40 ժամվա ընթացքում:

Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացը տեսանկարահանվում է ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով եւ իրականացվում է հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը` մինչեւ 50մ. շառավղով: Տեսանկարահանումն ապահովելու համար մրցութային կարգով ընտրվում է մասնագիտացված կազմակերպություն, որն ստանձնում է պատասխանատվությունը հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Գնումների ընթացակարգը կազմակերպելու պատասխանատու հանձնաժողովի եւ գնահատող հանձնաժողովի լիազորությունները իրականցնելու է 2-րդ կետում նշված հանձնաժողովը: Ցանկացած ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերը տրամադրվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ ընտրություններում դիտորդներ ունեցող կազմակերպությունների պահանջով` պատճենահանման ինքնարժեքի դիմաց:

Տեսանկարահանված նյութերը արխիվացվում եւ պահվում են ընտրական փաստաթղթերի համար սահմանված կարգով:

4. Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում քննարկելու եւ լուծումներ գտնելու ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքերը մինչեւ ընտրության արդյունքերի նախնական ամփոփումը համացանցով տեղեկացնելու վերաբերյալ:

5. Սույն հայտարարությամբ կողմերը դիմում են դոնոր կազմակերպություններին` վերոնշյալ փաթեթով նախատեսվող աշխատանքները կազմակերպելու եւ մեխանիզմները ներդնելու ֆինանսավորման խնդիրը լուծելու նպատակով:

6. Փոխհամաձայնությամբ կիրառվելիք մեխանիզմները դիտարկվում են որպես մեկ ամբողջություն (փաթեթ) եւ դրանցից որեւէ մեկից հրաժարումը կամ անհրաժեշտ ֆինանսավորման առկայության դեպքում չկիրառելը հանգեցնում է ամբողջ փաթեթի նկատմամբ համաձայնության վերացմանը:

7. Փոխհամաձայնությունը մտնում է ուժի մեջ դոնոր կազմակերպությունների կողմից ամբողջ փաթեթի նկատմամբ համապատասխան ֆինանսավորման (ներառյալ նոր նմուշի նույնականցման քարտ տրամադրելու համար տվյալների հավաքագրման, տվյալների էլեկտրոնային պահոցի տեխնիկական եւ ծրագրային ապահովման եւ նույնականացման քարտերի արտադրության աշխատանքները) հաստատումը ապահովվելու դեպքում: Միաժամանակ կողմերը գիտակացում են, որ հնարավոր է ներդրման փուլային եղանակ՝ կախված ֆինանսավորման ժամանակցույցից եւ հասանելի ռեսուրսներից:

8. Կառավարությունը կնախաձեռնի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով: Փոփոխությունների արդյունքում ներդրվող մեխանիզմները պայմանավորված են լինելու ֆինասավորմամբ:

9. Սույն համաձայնությունը չի նշանակում փոխհամաձայնություն (կոնսենսուս) ողջ Ընտրական օրենսգրքի շուրջ, մասնավորապես, համամասնական ընտրակարգի` տարածքային ու վարկանիշային ցուցակների մասով: Համաձայնվող կողմերը կձգտեն Ընտրական օրենսգրքի հետագա քննարկումների ընթացքում հասնել համաձայնության նաեւ այլ դրույթների վերաբերյալ:

Նաիրա Զոհրաբյան

Հովհաննես Մարգարյան

Լեւոն Զուրաբյան

Արամ Մանուկյան

Հովհաննես Սահակյան

Դավիթ Հարությունյան

Արփինե Հովհաննիսյան

Արմեն Ռուստամյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ