Գասպարին նորից պառկեց.դատարանում թեժ է
Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր` հունիսի 14-ին, միջադեպ տեղի ունեցավ: Դատական նիստերի դահլիճում նստած քաղաքացիներից մեկը դատարանի` դատական նիստերի դահլիճ մտնելու ժամանակ ոտքի չկանգնեց:
Դատարանի հարցին` արդյոք վատառողջ է եւ այդ պատճառով ոտքի չի կանգնում, քաղաքացին պատասխանեց` այդպես է ճիշտ գտնում, դրա համար էլ ոտքի չի կանգնում:
Դատական նիստը սկսվեց միայն քաղաքացու նիստերի դահլիճը լքելուց հետո:
Դատական նիստը սկսվելուց հետո, երբ Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ընթացքում էր գործով տուժող Գեղամ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքը, դատաքննությանը ներկ քաղաքացիներից` Պարգեւ Խաչատրյանը, նստած տեղից ասաց, որ ոստիկանն ամեն ինչ սուտ է ասել, այդպիսի բան չի եղել: Դատարանը հորդորեց նրան նստած տեղից դատարանում չխոսել, սակայն, Պարգեւ Խաչատրյանը նշեց, որ շարունակելու է խոսել, որովհետեւ նախաքննական ցուցմունքում ամեն ինչ սուտ է գրված: Դատարանը Պարգեւ Խաչատրյանին նույնպես հեռացրեց դատական նիստերի դահլիճից:
Նշենք, որ դատարանը ակտիվիստ Վարդգես Գասպարինն նույնպես թույլ չի տվել մասնակցել դատաքննությանը, ակտիվիստը որպես բողոքի նշան, այս պահին պառկած է դատարանի դիմաց:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: