Վերջին հնարավորությունը. 168 Ժամ
«Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարելավել տնտեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ»,- ինչպես հաղորդում է «Ամերիկայի Ձայնը», Կոնգրեսում անցնող լսումների ընթացքում ներկայացնելով 2017-ի ընթացքում տարածաշրջանի երկրներին ուղղվող ամերիկյան օգնության առաջնահերթությունները հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան:
«Հայաստանին ուղղվող մեր օգնությունը թույլ կտա Հայաստանին նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Այն Հայաստանին նաև թույլ կտա ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ համակարգերի մեջ: Օգնության մի մասը միտված է լինելու նաև երկրի ներսում տեղական ինքնակառավարման ամրապնդմանը»,- ասել է նա:
ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացրած բյուջեի նախագծով հաջորդ տարի Հայաստանին ուղղվող օգնությունն աճելու է 22 տոկոսով կազմելով 22 միլիոն դոլար: Թեև բազմաթիվ կոնգրեսականներ մտադիր են լսումների ընթացքում հասնել նրան, որ օգնության այդ ծավալն ավելացվի: Սակայն, տվյալ դեպքում, խնդիրը ոչ այնքան տրամադրվող օգնության չափն է (թեև Հայաստանի տնտեսության օր օրի վատթարացող իրավիճակում յուրաքանչյուր ավել դոլարը մեծ նշանակություն ունի), այլ այդ աջակցության’ հայտարարվող նպատակը, «փիլիսոփայությունը», եթե կարելի է այդպես ասել: Նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից և Հայաստանն ինտեգրել տարածաշրջանային էներգետիկ համակարգին:
Սա, լայն իմաստով, Հայաստանի ինքնիշխանության վերականգնման, իրական անկախության բանաձևն է, քանի որ Հայաստանն այսօր Ռուսաստանից նման կախյալ վիճակում է հայտնվել ոչ միայն ու գուցե ոչ այնքան անվտանգության խնդիրների պատճառով, ինչպես ներկայացնում են իշխանական շրջանակները, այլև տնտեսական կախվածության ու «էներգետիկ ստրկության» պատճառով: Առանց այդ էլ, Ռուսաստանում աշխատող հայերի ուղարկած դրամական միջոցներից զգալի կախվածություն ունենալով ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը գրեթե ամբողջությամբ տնտեսապես հայտնվեց Ռուսաստանի ճիրաններում ամբողջությամբ ածանցվելով այդ երկրի տնտեսական իրավիճակից: Իսկ Ռուսաստանի տնտեսությունն այսօր դեպի անդունդ է գահավիժում ավելի արագ, քան Պուտինի քարոզիչները հասցնում են հորինել քաղաքացիների անտանելի կյանքն արդարացնող հերթական «հայրենասիրական» առասպելը:
Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Ռուսաստանն ամբողջացրեց Հայաստանի էներգետիկ համակարգի իր տնօրինությունը ոչ միայն ֆիզիկապես տնօրինելով գործնականում բոլոր էներգետիկ համակարգերը, այլև Հայաստանին օրենքի մակարդակով պարտադրելով արգելք «Գազպրոմից» բացի, որևէ այլ աղբյուրից գազ գնելու վերաբերյալ: Այսպիսով, Հայաստանն էներգետիկ համակարգում վերջականապես հայտնվեց Ռուսաստանից տոտալ կախվածության մեջ, ինչը, զուգակցվելով նաև ԵՏՄ-ի պատճառով այդ երկրից ունեցած կախվածությամբ, Հայաստանը դարձրեց Ռուսաստանի տնտեսական կցորդը: Իսկ երբ որևէ խոշոր համակարգ կործանվում է, կցորդների համար դրա հետևանքներն ավելի ողբերգական են լինում:
Այս ամենը հասկանում են, կարծես, բոլորը, բացի Հայաստանի իշխանությունից: Այս համատեքստում, այն, ինչի մասին հնչել է ԱՄՆ Կոնգրեսում, իրականում Հայաստանն այս ճահճից դուրս բերելու ծրագիր է, գուցե եզակի կամ մի վերջին հնարավորություն, որով Արևմուտքը փորձում է օգնել Հայաստանին: Իհարկե, երդփալ ռուսամոլներն ասվածին անմիջապես կհակադարձեն իսկ ինչո՞ւ է ԱՄՆ-ը «փրկում» Հայաստանին, մի՞թե դա անում է մեր «սիրուն աչքերի համար», և այլն, և այդպես շարունակ: Ոչ, իհարկե, ամենևին ոչ: ԱՄՆ- ը դա անում է’ սեփական աշխարհաքաղաքա- կան շահերից ելնելով, դա անում է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում սեփական հետաքրքրությունների սպասարկման համար, որոնք ավելի ակտուալ են դարձել Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո: Պարզապես այս հարցում ԱՄՆ-ի և Հայաստանի շահերը համընկնում են:
Ինչպե՞ս կօգտագործի Հայաստանն այս հնարավորությունը և կօգտագործի՞ ընդհանրապես կախված է առաջին հերթին իշխանությունների կամքից ու Հայաստանի շահերը Ռուսաստանի շահերին չստորադասելու կարողությունից: Գոնե մի անգամ: Եթե, իհարկե, այդ «անգամը» չլինի վերջինը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: