Հնարավոր չէ պոմիդորով պայքարել թշնամու դեմ
«2015 թվականի պետական բյուջեի կատարողականը նախորդ տարիների կատարողականների նման հուսահատ ու տխուր փաստաթուղթ է: Այստեղ կան թվեր, տոկոսներ, անկումներ եւ նույնիսկ աճեր, բայց ինչպես նախորդ տարիներին չկա ամենակարեւորը՝ ռազմավարություն, թե մենք ինչպիսին ենք ուզում դարձնել մեր տնտեսությունը», – ԱԺ նիստի ընթացքում իր ելույթում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2015 թվականի պետական բյուջեի կատարողականին:
«2015 թվականին ՀՀ-ի խղճուկ 3 տոկոսանոց աճի 70 տոկոսն ապահովվել է գյուղատնտեսության հաշվին, եւ գյուղատնտեսության աճն էլ կառավարության խոստովանությամբ մեծապես պայմանավորված է բնակլիմայական բարենպաստ պայմաններով, այսինքն եթե 2015 թվականին 2 կարկուտ ավելի գար, 2 անձրեւ պակաս, մեր երկրի 3 տոկոսանոց տնտեսական աճը 50 տոկոսով կկրճատվեր: Գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու խոստումներից հետո ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի առաջնորդությամբ ՀՀ-ում ստեղծել են պոմիդորահեն տնտեսություն»,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ ինքը բնավ մտադիր չէ թերագնահատել գյուղատնտեսության դերը, բայց խնդիրն այն է, թե արդյոք մենք կարո՞ղ ենք ունենալ ագրարային սխեմայով աշխատող երկիր:
Փաշինյանը նշեց՝ հնարավոր չէ պոմիդորով հակառակորդի ագրեսիայի դեմ պայքարել, ուստի ՀՀ իշխանության ղեկին պետք է լինեն ոչ թե այն մարդիկ, որոնց ուշքն ու միտքը պոմիդորի միջազգային գներն են, այլ նրանք, ովքեր Հայաստանը տեսնում են որպես բարձր տեխնոլոգիական, ինդուստրիալ երկիր: