12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սուտ կլինի, որ ասեմ` սերտ էինք շփվում. Պռոշյանի սպանված գյուղապետի ՀՀԿ-ական մրցակիցը պատասխանում է

”Սխալ արտահայտություն են արել գյուղացիները: Մեր մեջ ընդհանրապես հակամարտություն չի եղել, մենք ընդամենը թեկնածու ենք եղել: Ես իմ թեկնածությունն եմ դրել, Հրաչն` իր”, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն, ում անունն այս օրերին շոշափվում է որպես Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիմնական մրցակիցը:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին՝ գյուղապետի ընտրություններից ընդամենը 2 օր անց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի և պարտված ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանի կողմնակիցների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել: 

Կողմերի միջև կռվի առիթը եղել էր այն, որ վերընտրված գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի հաղթանակը տոնելու առիթով կազմակերպված արարողության ժամանակ, գյուղապետի հարազատներից մեկը՝ Դանիել անունով, ով ինչպես նշվում է՝ նաև նրա “աջ ձեռքն” էր, իր մոտ է կանչել արարողության ժամանակ այդտեղ եղած մի երեխայի, ով պարզվել էր, որ գյուղապետի՝ արդեն պարտված թեկնածուի շրջապատի մարդկանցից մեկի երեխան էր, և վերջինիս միջոցով պարտված թեկնածուին հայհոյանք էր փոխանցել:

Դրանից հետո Արթուր Մուրադյանն իր շրջապատի հետ եկել էր “պատասխան պահանջելու” և տեղի էր ունեցել ծեծկռտուքը: Ըստ տեղեկությունների՝ այն ժամանակ ծեծի էր ենթարկվել նաև Պռոշյանի համայնքապետը: Հրաչ Մուրադյանը Պռոշյանի գյուղապետ էր ընտրվել 1516 ձայնով: Նրա մրցակից Արթուր Մուրադյանը ստացել էր 1214 ձայն: Եվս 67 ձայն ստացել էր Արմենուհի Մելիքյանը:

Արթուր Մուրադյանը պատմեց, որ մահացած գյուղապետը իր մարտական ընկերն է եղել և նրանց միջև ընդհանրապես լարվածություն չի եղել: Հիշեցնենք, գյուղացիները մեր թղթակցին պատմել էին, որ այս երկու անձանց ընտանիքների միջև պապենական թշնամություն է եղել: Մուրադյանը սա ևս հերքեց.

”Հրաչի մեծ աղջիկն իմ աղջկա դասարանից է, մենք էլ ընտանիքներով շատ մոտիկ հարազատներ ենք եղել, ու իր կինն իմ կնոջ հետ ընտրություններից հետո էլ շատ ջերմ հարաբերությունների մեջ են եղել: Թշնամանք մեր մեջ չի եղել”:

Գյուղապետի ընտրություններից հետո ինչպիսի հարաբերություններ է ունեցել Հրաչ Մուրադյանի հետ: ”Ընտրություններից հետո ամենօրյա բարև-բարլուսը կար, սուտ կլինի, որ ասեմ` սերտ էինք շփվում, նախքան այդ շատ էինք ջերմ շփվում”,-ասաց:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններից հետո գյուղում եղած ծեծկռտուքին, ապա Մուրադյանն ասաց, որ այդ ծեծկռտուքին չի մասնակցել, թեթևակի վիճաբանություն է եղել, որը, նրա խոսքով, կապված չի եղել ընտրությունների հետ: ”Գյուղացիական թեմայով է եղել, ես էլ չեմ եղել նույնիսկ”,-նշեց նա: Արթուր Մուրադյանը եւս գործի շրջանակներում հարցաքննվել է:

Հիշեցնենք, Պռոշյանի գյուղապետարանի դիմաց ապրիլի մեկին ժամը 9-ի սահմաններում հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը, ով մահացել է գլխի աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային վնասվածքից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ