Դուք ինձ ձեր արվեստը ցույց կտաք, ես էլ ` Ձեզ աշակերտ. Րաֆֆին` Սերժ Սարգսյանին
Այսօր Նոյեմբերյանում ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց.
”Սարգսյան, վեհափառ, Հովհաննիսյան, ժողովուրդը հաղթել է, հանուն Հայաստանի, թարգենք այս աթոռակռիվը: Չկասկածե՛ք խոսքիս, եթե դուք պատրաստ եք, ձեզ հետ միասին դուրս գանք այս նախագահական պայքարից”:
Նա նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին հրավիրեց ”Ազատության” հրապարակ` ասելով. ”Շատ եմ ուզում, որ մենք միասին ազգովի լինենք հրապարակում, և ես հույս ունեմ, որ մեր հալալ, զուլալ տղաներին չեն բերի ու կանգնեցնեն մեր դեմ, և ես շատ եմ ուզում, որ Սարգսյանը մեր կողքին կանգնի այդ օրը”:
Ապա Վանաձորում լրագրողները խնդրեցին Հովհաննիսյանին մեկնաբանել իր այդ խոսքերը:
”Սա աթոռակռիվ չէ, սա հայ ժողովրդի հաղթական վճիռն է, որը տվեց փետրվարի տասնութին, նա գիտի, ես գիտեմ, ամբողջ ժողովուրդը գիտի, սա աթոռակռիվ չէ… և ես Նոյեմբերյանում, երեկ էլ Շամշադինում ասացի` թարգենք նախագահական աթոռակռիվը, սա մեր հայրենիքի համար է, եկեք դուք և ես, պարոն նախագահ, մինչև մեր կյանքի վերջ ծառայենք սահմանի վրա, որպես զինվորներ, դուք ինձ ձեր արվեստը ցույց կտաք, ես էլ ` Ձեզ աշակերտ, և մեր ժողովուրդն ազատ թողնենք, ազատ իր իրավունքի մեջ, իր երեխաներով”,-այսպես իր հայտարարությունը մեկնաբանեց Հովհաննիսյանը: