Քայլով` Գյումրիից Ազատության հրապարակ
Գյումրիի “Ասպարեզ” ակումբից տեղեկացնում են, որ մի խումբ գյումրեցիների նախաձեռնությամբ քայլերթ ենք իրականացնելու` Գյումրու Թատերական հրապարակից դեպի Երեւանի Ազատության հրապարակ` մասնակցելու ապրիլի 9-ին կայանալիք հաղթահավաքին:
Սա բողոքի ակցիա է, որով մեր դժգոհությունն ենք հայտնում 2013 թվի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների զանգվածային կեղծիքների եւ պաշտոնական արդյունքների դեմ:
Մեր նպատակը հստակ է. պայքարելու ենք մինչեւ արդարության հաղթանակը: Ինչպես ասում են` “Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում”: Քայլերթի ողջ ընթացքում մեզ կուղեկցի “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր քայլերթին: Քայլերթը սկսելու ենք ապրիլի 7-ին` առավոտյան ժամը 9.00-ին` Գյումրու Թատերական հրապարակից: Գյումրի-Երեւան ճանապարհի բոլոր քաղաքների եւ գյուղերի բնակիչները, ովքեր ցանկություն կունենան մասնակցել քայլերթին, մեզ կարող են միանալ ճանապարհից. միասին կշարունակենք մեր երթը դեպի Երեւան:
Այս քայլերթը քաղաքացիական նախաձեռնություն է, որը կատարվում է օրենքի շրջանակներում: Մանրամասների համար կարող եք այցելել “Ժառանգության” Գյումրու գրասենյակ` ժամը 15.00-18.00-ը: