200 հազար դոլարանոց հարսի թագ. ռուսական զլմ-ները մանրամասնել են Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը /ֆոտոշարք/

Շաբաթ օրը Մոսկվայում տեղի է ունեցել գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը։
Հարսանիքին անդրադարձել են նաեւ ռուսական լրատվամիջոցները՝ նշելով, թե որքան ճոխ է եղել այն։ Մասնավորապես, kp.ru-ն գրում է, որ այս հարսանիքը ոչ պակաս ճոխ էր, քան Գուցերիեւի որդու հարսանիքը, որին արդեն անդրադարձել ենք եւ որի ճոխությունը երկար քննարկվեց։
Սամվել Կարապետյանի 23-ամյա որդու՝ Սարգիսի ընտրյալը 25-ամյա վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլին է։
Հարսանիքին ելույթ են ունեցել ռուսական եւ արտասահմանյան հանրահայտ աստղեր, ինչպիսին են, օրինակ՝ Ադամ Լեվայնը, Maroon 5-ը, իսկ ռուսական աստղերից՝ Ալլա Պուգաչովան, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Թիմաթին, Դիմա Բիլանը, Սոֆիա Ռոտարուն, Վերա Բրեժնեւան, Գրիգորի Լեպսը եւ այլոք։ Հարսանիքը վարել է հաղորդավար Անդրեյ Մալախովը։

Հարսանիքին 500 հյուր է եղել։ Հյուրերի թվում է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարսանիքն անցկացվել է Մոսկվայում հայտնի «Սաֆիսա» ռեստորանում, որտեղ նաեւ Գուցերիեւի որդու հարսանիքն էր։ Հյուրերին հիացրել է նաեւ 6 մետրանոց հարսանեկան տորթը։ Երգչուհի Վերա Բրեժնեւան ավելի ուշ Ինստագրամի իր էջում գրել է, որ երբեք նման տորթ չէր տեսել, իսկ Մալախովը նշել է, որ սա իսկական արվեստի գործ է։
Հարսանիքին շատ են եղել ազգային պարերը՝ հայկական եւ վրացական։ Ռեստորանն ամբողջովին բնական ծաղիկներով է զարդարված եղել, պատերին էլ նորապսակների նկարներն են եղել։

Հարսանիքն ավարտվել է շքեղ հրավառությամբ։


Հարսի զգեստը եղել է Elie Saab նորաձեւության տնից, իսկ հարսանեկան թագը Tiffany & Co-ից է եղել՝ 200 հազար դոլար արժողությամբ։
Ինչպես հաշվարկել է Կոմսոմոլսկայա պրավդա-ն, հարսանիքին մոտավորապես 2 միլիոն դոլար է ծախսվել։

