Մահացած ծննդկանի գործը կրկին Շենգավիթի դատարանում է
Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործը կրկին ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:Այս մասին տեղեկացանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Մայիսի 30-ին գործով դատավոր Դավիթ Բալայանը գործը հետ էր ուղարկել մեղադրող կողմին, քանի որ առկա են թերություններ: Հունիսի 3-ին դատախազը գործը հետ է ուղարկել դատարան:
Այն դեռեւս վարույթ չի ընդունվել:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Բախշյանը, պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
Բախշյանին եւ Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանին նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: