Ինչու Գերմանիան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը. 3 պատճառ
Ոմանք փորձում են գերմանական Բունդեսթագի` Հայոց ցեղսապանությունը ճանաչելու մեջ բացառապես շահեր տեսնել: Այո, այդ շահը կա, անհերքելի է, եւ առաջիններից մեկը իրավամբ նշվում է ԵՄ-ի ու Գերմանիայի հանդեպ Թուրքիայի շանտաժային քաղաքականությունը, որը հատել է բոլորի համբերության բաժակը:
Բայց դա մի էլ գերագնահատեք: Գերմանիան շատ է փոխվել: Տարիներ առաջ, ընդհուպ մինչեւ Գերմանիայի նախագահ Գաուկի կողմից 2015-ին Ցեղասպանություն բառն օգտագործելը, Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ես եւ աշխարհի շատ քաղաքական գործիչներ, այդ թվում գերմանական իսթեբլիշմենթը ցնցվեցինք նրա ելույթից:
Մի կողմ թողնեմ աշխարհում Գերմանիայի նոր դերի մասին նրա ծրագրային ելույթը, որի հետ կապված ափսոս հոդվածս անավարտ թողեցի: Բայց շատ տպավորիչ էր այն, որ խիղճը, մարդը, հումանիզմը նա դրել էր ոչ միայն իր ելույթի առանցքում, այլեւ բարձրացրել Գերմանիայի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ:
Շատերը չհասկացան, որ հենց այդ մոտեցման արդյունքն էր Սիրիայից ու Մերձավոր Արևելքից փախստականներին ընդունելը… Երբ անցած աշնանը Բեռլինի արտաքին քաղաքականության ֆորումի ժամանակ գերմանացի մի բաձրաստիճան պաշտոնյայի հարցրեցի` չե՞ք կարող չընդունել նրանց, նա այլայլված պատասխանեց` բայց մեր Սահմանադրության մեջ գրված է, որ մենք պարտավոր ենք ընդունել, եթե մարդը ապաստան է խնդրում ու նրա կյանքին վտանգ է սպառնում…. Սա է ժամանակակից Գերմանիան ու մի զարմացեք, որ նրանք վաղ թե ուշ իրենց վրայից մաքրելու էին նաեւ Հայոց Ցեղասպանության խարանը:
2005թ.-ից մասնակցել եմ իրենց ԱԳՆ-ի կազմակերպած տարբեր քննարկումներին այս թեմայով… Նրանք այն ժամանակվանից մտմտում էին սա անել: Սակայն, դառնամ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Գաուկի` մեզ բոլորիս գերած ելույթին: Նա այնքան շատ անդրադարձավ Հոլոքոսթին ու իրենց մեղքին, որ Իսրայելի ԱԳ եւ ՊՆ նախարարներին ուղեկցող ընկերներս` բարձրաստիճան պաշտոնյաներ, շրջվեցին ինձ ու ասեցին` «դե զզվացրիր էլի, այնքան ասեցիր, որ հրեաներին կոտորել ենք…»:
Ահա սա է Գերմանիան: Ու ամենակարեւորը, խիղճը, հումանիզմը ու մարդուն դնելով քաղաքականության առանցքում, Գաուկը բացահայտ Գերմանիայի համար գլոբալ պատասխանատվության ու առաջնորդության հայտ ներկայացրեց, որից ցնցված էր անգամ գերմանական իսթեբլիշմենթը: Ընդիմիջմանը Գերմանիայի նախարարներից մեկն իմ հարցին ի պատասխան ասեց` ամեն ինչ ցնցող է, բայց ո՞վ է վճարելու այսպիսի համարձակ, հավակնոտ արտաքին քաղաքականության համար… փողերը Մերկելի մոտ են, մի՞թե նա էլ համաձայն է սրան:
Այժմ տեսնում ենք, որ ոչ միայն Անգելա Մերկելը, այլեւ Գերմանիայի բոլոր քաղաքական կուսակցությունները համաձայն են դրան: Եւ ահա, այստեղ է, որ բացվում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու երրորդ շահագրգռությունը` Կովկասում ու Մերձավոր Արեւելքում ձեւակերպել իր մոտեցումները Հայաստանի ու Թուրքիայի հարցերով:
Չմոռանանք, որ Գերմանիան ԵԱՀԿ-ում նախագահող երկիր է ու դա հենց հարթակներից մեկն է իր մեծ քաղաքականությունը Կովկաս բերելու համար: Եւ հայ-գերմանական հարաբերությունները խթանելու մեկնակետը ճիշտ է ընտրված` Հայոց Ցեասպանությունն ու Գերմանիայի ներողությունը հայերից:
Այսքանը թերեւս բացատրելու է գալիս, թե ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այդպես միասնաբար ու ինչո՞ւ այդքան մանրամասն տեքստով Գերմանիան ճանաչեց հայոց Ցեղասպանությունը:
Ստեփան Սաֆարյան