Որ լավ թափ տաք, կարող է նրանց հետևի և կողքի գրպաններից մի քանի հատ լավ Սմերչ թափվի. Փաշինյան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում շարունակվում է Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին:
«ԵՏՄ-ի անդամակցության ժամանակ ասվում էր, թե լուծվում է անվտագության խնդիր, բայց այս օրերին մենք տեսանք, որ անվտանգության այն մտահոգությունները, որոնք ունեինք, լուծված չեն, ավելի ահագնանում են ԵՏՄ-ի կոնտեքստում», – իր ելույթում ասաց Փաշինյանը:
Փաշինյանը դեմ է ԵՏՄ-ից դուրս գալուն, թեև ինքը ժամանակին դեմ էր քվեարկել ԵՏՄ անդամակցությանը:
Ըստ Փաշինյանի՝ արտաքին քաղաքական սխալները չի կարելի ուղղել 180 աստիճան հակառակ քայլերով: Այնուհետև Փաշինյանը անդրադարձավ որոշ պատգամավորների հայտարարություններին, թե Պաշտպանության նախարարության բյուջեն բավարար չէ «Սմերչ» գնելու համար:
«Իսկ դուք գիտե՞ք` որքան է կազմում Սերժ Սարգսյանի ընտանեկան կապիտալը, Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, Միհրան Պողոսյանի ունեցվածքը: Էդ քանի՞ հատ «Սմերչի» գնով է թալանվել բոլոր իշխանությունների կողմից: Պետք չէ լացացնել հայ ժողովրդին: Մի հատ Ձեր խմբակցության և հարակից մարդկանց, որ լավ թափ տաք, կարող է նրանց հետևի և կողքի գրպաններից մի քանի հատ լավ Սմերչ թափվի», – ասաց Փաշինյանը:
Լսելով բոլորի կարծիքները` նախագծի հեղինակ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց՝ մեկ տարի ժամկետով հետաձգում է նախագծի քննարկումը: