03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրանց արդարությանը. օմբուդման

Տասնամյակներ շարունակ նույնիսկ ամենաբիրտ և ակնհայտ ընտրախախտումների պարագայում գրեթե բոլոր պետական ինստիտուտները (Ոստիկանություն, Դատախազություն, ԿԸՀ, Սահմանադրական դատարան) պատշաճ չեն արձագանքել դրանց, ինչը պահպանել և խորացրել է հանրության վստահության ցածր մակարդակը ընտրական գործընթացների նկատմամբ:

 

Ընտրությունների ընթացքում ստացվել են ընտրակաշառքի բաժանման 100 ահազանգ, սակայն Ոստիկանությունը քննության արդյունքում չի բացահայտել ընտրակաշառքի գեթ մեկ դեպք, մինչդեռ կրկնակի քվեարկության 20 ահազանգերի պարագայում 4-ը բացահայտվել են:

 

Ընտրությունների ընթացքում գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դեպքեր, որոնց կապակցությամբ որևէ անձի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:

 

Ստացված 293 ահազանգերի  դեպքերից 273-ով իրավապահ մարմինների կողմից կայացվել են որոշումներ քրեական գործերի հարուցումը մերժելու մասին, այնինչ չեն իրականացվել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները:

 

Առանձին դեպքերում իրավապահ մարմինները ընտրակաշառքների և այլ ընտրահանցանքների վերաբերյալ ահազանգերը քննելիս բացատրությունները հիմնականում վերցրել են համայնքապետից կամ իշխանական կուսակցության ներկայացուցչից: Հետևաբար, ըստ ներկայացված տեղեկատվության, ոչ բոլոր դեպքերում է կատարվել բազմակողմանի քննություն, այսինքն` անհրաժեշտ և բավարար հիմնավորումներով գործերը ավարտելու համար չեն ներգրավվել գործի ելքով չշահագրգռված բոլոր պատշաճ անձինք: 

 

Անձնագրերի դրոշմակնքման օրենսդրական պահանջը, որպես կրկնակի քվեարկության բացառման երկաստիճան համակարգի մաս չի ծառայել իր նպատակին, քանի որ օգտագործված թանաքը հեշտորեն հնարավոր էր հեռացնել անձնագրերից:

 

Ընդդիմադիր ուժերի և որոշ միջազգային կազմակերպությունների կողմից բացասականորեն ընդգծվել է և կասկածների տեղիք է տվել այն հանգամանքը, որ գործող Նախագահին կողմ քվեարկած ձայներն էականորեն մեծ թիվ են կազմել  այն տեղամասերում, որտեղ  միջինից բարձր է եղել ընտրողների մասնակցությունը:

 

 

Ընտրություններն ավելի ազատ էին, որովհետև՝

 

·         Թեկնածուների գրանցման ընթացքում օրենքի որևէ խախտում չի արձանագրվել:

 

·         Թեկնածուների քարոզչության, խաղաղ հավաքների և հրապարակային միջոցառումների ընթացքում չեն գրանցվել էական խոչընդոտման դեպքեր: 

 

·         Պատշաճ կարգով պահպանվել են ՀՀ Նախագահի թեկնածուների քարոզչության լուսաբանման և խոսքի ազատության ապահովման օրենսդրական պահանջները և հավասար հնարավորություններ են ընձեռվել բոլոր թեկնածուների համար:

 

·         Շուրջ 3500-ով նվազել են ընտրողների ցուցակներում առկա անճշտությունները, իսկ ՀՀ Ոստիկանությունն էականորեն բարելավել է ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացմանն ուղղված վարչարարությունը:

 

·         Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման ընթացքում խնդիրների լուծման ժամանակ էականորեն նվազել է իրավական ձևապաշտությունը (ֆորմալիզմը):

 

·         ՀՀ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու ՀՀ Նախագահի թեկնածուների կողմից առաջադրված է եղել թվով 20690 վստահված անձ և հանձնաժողովի անդամներ: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունը  1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներից 1884-ում (95 տոկոս) ունեցել է առաջադրած անդամներ:  Ընդդիմության ներկայացուցիչները ներկայացրել են միայն 12 վերահաշվարկի դիմում և միայն 70 քվեարկության արդյունքներ անվավեր ճանաչելու դիմում (118 տեղամասերում):

 

·         Ընտրական գործընթացի թերությունների մասին 1988 ընտրական տեղամասերից միայն 44 ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում են կատարվել համապատասխան գրառումներ:

 

·         Ընտրությունների հետընտրական զարգացումների ընթացքում ապահովվել է անձանց ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը:

 

·         ՀՀ Ոստիկանության և ՀՀ Դատախազության կողմից ընտրախախտումների մասին շուրջ 300 հաղորդումները ավելի մանրամասն են ուսումնասիրվել և առավել հստակ տվյալներ են տրամադրվել քննության արդյունքների վերաբերյալ:

 

·         Ընտրախախտումների ահազանգերի բնույթը ըստ համայնքների հիմնականում տարբեր է եղել, հետևաբար ընտրախախտումները չեն կրել համակարգված համապետական բնույթ և չեն իրագործվել միասնականորեն մշակված և մեկ կենտրոնից ուղղորդվող մեխանիզմներով:

 

2013 թվականի նախագահի ընտրությունների վերաբերյալ ամբողջական զեկույցին՝ ընտրակաշառքների, կրկնաքվեարկության և ընտրակեղծիքների այլ դեպքերին ու ահազանգերին մանրամասն  կարող եք ծանոթանալ՝ այցելելով Մարդու իրավունքների պաշտպանի ինտերնետային կայքէջ՝  http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/1686 :

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ