Պռոշյանի գյուղապետի սպանության թարմ հետքերով /ֆոտո,վիդեո/
Այսօր առավոտյան սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին համագյուղացիները սիրում ու հարգում էին: Henaran.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ իրենց գյուղապետը ՀՅԴ անդամ էր, սակայն գյուղում մինչկուսակցական խնդիրներ չկային: Նրանք միայն հիշեցին, որ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին պայքարն ընթանում էր ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հետ, սակայն ընտրություններում ամեն ինչ հանգիստ է անցել ու երկու թեկնածուների մեջ լարվածություն չի եղել:
Գյուղացիները նաև մեզ վստահեցրին, որ իրենց գյուղապետը մշտապես խուսափում էր կոնֆլիկտներից, անխտիր շփվում էր բոլորի հետ:
”Լավ շնորհքով մարդ է”:
”Շատ համով, հոտով, նիստով-կացով մարդ էր, սպասարկում էր ամբողջ գյուղը շատ հետաքրքիր”,-ասացին նրանք:
Զրուցեցինք նաև գյուղապետի տեղակալ Լյովա Սահակյանի հետ:’Ազնիվ, շիտակ մարդ էր, արյուն տեսած ու ճանապարհ անցած”,-Հրաչ Մուրադյանի մասին նշեց նա: Սահակյանի, ինչպես նաև մյուս տեղացիների խոսքերով` Մուրադյանը ոչ մի թշնամի չուներ: Ինչ վերաբերում է լուրերին, որ Մուարդյանը կապեր ուներ քրեական աշխարհի հետ և հայտնի էր որպես` այսպես ասած ”գողական”, համայնքի ղեկավարի օգնականը շեշտեց. ”Շատ բան են ասում, չուներ ոչ բիզնես, որ ինչ-որ մեկի հետ կապված խնդիր, գյուղի կողմից ընտրված մարդ էր, որպես մարդ կոնֆլիկտներ չուներ”: Սակայն Սահակյանը ոչ մի տարբերակ չի բացառում:
Մեր զրուցակիցներից մեկն էլ, ով չցանկացավ խոսքել տեսախցիկի առջև, նշեց, որ իրենց տեղեկությունների համաձայն` գյուղապետը թշնամի չուներ, ոչ մեկի հետ կոնֆլիկտ չուներ, սակայն ”կարող է ուներ թշնամի, մենք չգիտենք, մենք չենք լսել”,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է գյուղապետի ընտանիքին, ապա գյուղացիները կրկին լավ խոսքեր ասացին նրանց մասին, սակայն նրանցից մեկը նշեց, որ Արթուր Մուրադյանի ու Հրաչ Մուրադյանի ընտանիքները միմյանց հետ այդքան էլ ջերմ չեն շփվում:
Հիշեցնենք, որ գյուղապետարանի դիմաց այսօր ժամը 9-ի սահմաններում հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը, ով մահացել է գլխի աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային վնասվածքից: Կրակոցներ ևս գյուղացիները չեն լսել: Նույնիսկ դեպքի վայրի հարևանությամբ գտնվող թերթի կրպակի աշխատակիցը, ով սպանության ժամերին գտնվել է աշխատավայրում, չի լսել կրակոցի ձայներ, ինչի համար ցավում է: ”լսեցի եղբոր ձայնը: Եղբայրն է գտել մեր գյուղապետին”,-պատմեց նա:
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունից պարզվել է, որ գյուղապետը հրազենային կրակոց է ստացել գլխից:
Մանրամասները` տեսանյութում
Նշենք նաև, որ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: