Պատգամավորի որդին ազատ արձակվեց
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու խափանման միջոց կալանքը մայիսի 31-ին դատախազի որոշմամբ փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ առաջին ատյանի դատարանի՝ Արսենյանի կալանավորման որոշման դեմ Հայկ Ալումյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մայիսի 27-ին մերժվել էր։
Նշենք, որ Գուրգեն Արսենյանի գործով հետախուզման մեջ գտնվող երկու երիտասարդները հայտնաբերվել եւ կալանավորվել են։
Ապրիլի 17-ին մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկում վիճաբանությունը սկսվել է կենցաղային շարժառիթով՝ երկու երիտասարդների միջեւ, որին հետագայում միացել են նաեւ նրանց ընկերները եւ հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է դրսում՝ ակումբի մոտ՝ վերաճելով խուլիգանության։ Մայիսի 16-ի դրությամբ՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, այդ թվում Գուրգեն Արսենյանին:
Նշենք, որ պատգամավորի որդին ձերբակալվել է մայիսի 11-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» սահմանային անցակետում եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Նրան մայիսի 14-ին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: