Այդ պահին քո մեջ արթնանում է նախամարդու էգը
Երեխաների պաշտպանության օր… Անտանելի է, երբ երեխադ գալիս և ասում է, որ իրեն նեղացրել են: Այդ պահին վրայիցդ թոթափում ես քաղաքակրթության փոշին, մոռանում ես քո կարդացած բոլոր գրքերը, դիտած ֆիլմերը ու աստվածաշնչյան պատվիրանները:
Այդ պահին քո մեջ արթնանում է նախամարդու էգը, որը պատրաստ է ցանկացած դինոզավրի «լղոզել» քարանձավի պատերով՝ իր ձագին պաշտպանելու համար: Սակայն երբեմն մեր երեխաներին պետք է պաշտպանենք ինքներս մեզնից:
Հենց մեզից, միայն մեզնից: Մեր վատ տրամադրությունից, մշտական հոգնածությունից, անվերջ զբաղվածությունից, որը օրվա վերջում կոտրվում է նրանց շեկլիկ գլուխներին: Նրանք նայում են մեր ջղաձգված, գոռգոռացող դեմքներին ու չեն հասկանում, թե այդ ինչ աշխարհակործան մեղք են գործել: Նրանք մեղավոր չեն…
Մենք ենք մեղավոր: Մեղավոր ենք, որ իրենց հետ «ձի-ձի» խաղալու փոխարեն էշի պես վազում ենք այս կյանքում, ուզում ամեն տեղ հասցնել, շատ փող աշխատել, անիմաստ կարիերա անել, անշնորհակալ մարդկանց կարևորել: Իրենց հեքիաթ կարդալու փոխարեն ֆեյսբուքներում ուրիշների հեքիաթներն ենք լսում:
Ու հետո զարմանում ենք, որ օր ծերության մեզ տանում, փակում են ծերանոցներում ու դուռն անգամ չեն բացում: Որովհետև մոռանում ենք՝ իրենք խաղալիք չեն, որ խաղացիր, հավեսդ հանեցիր ու անկյուն կանգնեցրիր:
Գոհար Հայրապետյան