26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սուրբ Նունե եւ Մանե կույսերի հիշատակության օր

Սբ. Նունե և Սբ. Մանե կույսերը Սբ. Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որոնք 70 հոգով Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Հռոմից կույսերն անցնում են Եգիպտոս, այստեղից էլ՝ Երուսաղեմ: Երուսաղեմում նրանց տեսիլքով երևում է Տիրամայրը և պատվիրում գնալ Հայաստան: Ճանապարհին նրանցից ոմանք բաժանվում են խմբից, ոմանք մնում Եդեսիայում, ոմանք՝ լեռներում ու քարայրներում, ոմանք էլ՝ Վարագա վանքի մոտ և միայն նրանցից 37-ն են հասնում Վաղարշապատ: Ճանապարհին խմբից բաժանված կույսերից միայն երկուսի անունն է հայտնի պատմությունից: Նրանցից մեկը Նունեն է, մյուսը՝ Մանեն:

Նունե կույսը համաքրիստոնեական սուրբ է: Սրբուհուն նվիրված տոներ ունեն հայերը, վրացիները, ռուսները:

Նունե կույսը, Վարագ լեռան մոտ առանձնանալով ընդհանուր խմբից, գնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում է քրիստոնեությունը, «Սուրբ Հոգու զորությամբ» կատարում բժշկություններ և ողջ ժողովրդին դարձի բերում: Նրա մասին Մովսես Խորենացին գրում է. «Մի կին, Նունե անունով, Սուրբ Հռիփսիմյանների ցրված ընկերներից, փախչում հասնում է Վրաց աշխարհը»:

Սբ. Նունեին հաջողվում է բժշկել վրաց Նանա թագուհուն, նրա զավակին ու թագավորին և այդպես ողջ արքունիքին հավատքի է բերում: Նա հրաժարվում է բոլոր թանկարժեք նվերներից և քարոզում Տիրոջ Ավետարանը:

Վրաց թագավոր Միհրանն օրերից մի օր որսի ժամանակ թանձր մառախուղի պատճառով կորցնում է ճանապարհը: Օգնության է կանչում իրենց հեթանոս աստվածներին, սակայն, օգուտ չի լինում: Հանկարծ հիշում է իր կնոջը բժշկած Աստծուն և Նրա օգնությանը դիմում՝ խոստանալով այդ վտանգավոր վիճակից ազատվելու դեպքում հավատալ և ընդունել Նրան: Նրա ձայնը լսվում է. հանկարծ անթափանց մշուշը իսկույն ցրվում է և ապահով պալատ վերադարձից հետո Միհրանը թագուհու հետ գնում է Նունեի մոտ և լսում նրա քարոզը Քրիստոսի մասին: Թագավորը նույնպես իր պատրաստակամությունն է հայտնում քրիստոնյա լինելու:

Նունեի խորհրդով պատգամավորներ են ուղարկում Կոստանդիանոս Մեծ կայսեր մոտ, ըստ վրացական վարքի, կամ Սբ. Գրիգոր Լուսավորչի մոտ, ըստ հայկականի և խնդրում հոգևորականներ ուղարկել Վրաստան: Հոգևորականները ժամանում են և Կուր գետում մկրտում ամբողջ արքունիքն ու մեծամեծներին, ինչպես նաև հազարավոր ուրիշ մարդկանց, կառուցում առաջին վրացական եկեղեցին Մծխեթում:

Իսկ Նունեն շարունակում է իր ճգնողական կյանքը և խաղաղ մահվամբ հեռանում այս աշխարհից: Նրա գերեզմանի վրա կառուցվում է եկեղեցի, որը դառնում է մեծ ուխտատեղի: Տարին երկու անգամ, այդ եկեղեցում ցուցադրվում է Սբ. Նունեի խաչը: Հիշատակի տոնը Վրաստանում նշում են Սուրբ Նունեի մահվան օրը՝ հունվարի 14-ին, ռուսները նշում են հունվարի 27-ին:

Նունե կույսը համարվում է Վրաստանի առաջին առաքելուհին և պահապան սուրբը: Նրա անվան վրացական ձևն է Նինո:

Իսկ Սբ. Հռիփսիմյանց կույսերից Մանեն մնում է Հայաստանում և բնակություն հաստատում Բարձր Հայք նահանգի Եկեղյաց և Դարանաղյաց գավառների սահմանում գտնվող Սեպուհ լեռան մի քարայրում: Այստեղ ճգնողական և աղոթական կյանքով ապրում է մինչև իր մահը: Սբ. Գրիգոր Լուսավորիչը, ծերանալով և փափագելով առանձնության մեջ ճգնել, Սուրբ Հոգու առաջնորդությամբ գալիս է Սեպուհ լեռ, ուր գտնում է Մանեին:

Սակայն Մանեն թույլ չի տալիս նրան մոտենալ քարայրին, այլ, ձայնելով, խնդրում է երեք օրից գալ իր մոտ: Երեք օր հետո Լուսավորիչը գալիս է և սրբուհուն վախճանված գտնում: Սաղմոսներով ու օրհնությամբ թաղում է նրան նույն քարայրում, իսկ ինքը բնակվում այնտեղ՝ տրվելով աղոթական կյանքի: Այդ քարայրը Մանեի անունով հետագայում կոչվում է Մանյա այր, այսինքն Մանեի քարայր:

Սբ. Մանե և Սբ. Նունե կույսերի հիշատակը Հայ եկեղեցին տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երեքշաբթի օրը:

 

Աղբյուրը` surbzoravor

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ