Ծերանոցներում մեծամասամբ հայտնվում են տղա երեխա ունեցողները
Հայկական ավանդական ընտանիքներում հաճախ ընտանիքի արու զավակին նախապատվություն է տրվում, հիմնավորումն էլ այն է, որ տղան ընտանիքի ծուխը ծխեցնողն է, ծնողներին խնամողը, տեր ու տիրական կանգնողը: Սակայն իրականությունը ավելի քան տարբերվում է այս մտացածին կեղծիքից: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարեցները առանց խնամքի կարգավիճակում են հայտնվում ավելի շատ այն պարագայում, երբ տղա երեխա ունեն քան հակառակ սեռի երեխայի առկայության դեպքում:
Հայաստանում տարեցների և հաշմանդամների սոցիալական ապահովության 8 կազմակերպություն կա, որոնցից 4-ը՝ պետական (ներառյալ Վարդենիսի հոգենյարդաբանական ինտերնատը): Ընդհանուր առմամբ, տարեցների և հաշմանդամների ինտերնատներում բնակավում են ավելի քան 1200 մարդ:
Ծերանոցում հայտնվելը կարող է տարբեր պատճառներ ունենալ` գժտություն ընտանիքի անդամների, երեխաների հետ, սոցիալական ծանր կացությունը, միայնակ կամ պարզապես զավակների կողմից լքված լինելը ստիպում է տարեցներին իրենց կյանքի վերջին տարիներն անցկացնել ծերանոցներում:
Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2015-ին անցկացրած հետազոտության արդյունքների Հայաստանի 3 տուն-ինտերնատներում բնակվող տարեցների մեծ մասն ունի տղա երեխա:
Հարցումն իրականացվել է Երևանի թիվ 1, Գյումրու և Նորքի տարեցների տուն ինտերնատներում բնակվող 623 տարեցների շրջանում, որի նպատակն է եղել պարզել, թե տարեցների քանի տոկոսն ունի տղա երեխա, քանիսը՝ աղջիկ: «Նրանցից 284-ը ընդհանրապես չունեն երեխա: Հարցված տարեցների 72 տոկոսն ունի տղա երեխա, այսինքն` ընդհանուր ունեն 365 տղա երեխա, որոնցից 221-ը (61 տոկոսը) ընդհանրապես չեն այցելում իրենց ծնողներին: Չայցելողների տոկոսը ավելի կբարձրանար, եթե մենք ավելացնեինք տղա երեխաներին, որոնք գալիս էին ծնողներին այցելության միայն կենսաթոշակի ստացման օրը՝ թոշակը վերցնելու նպատակով»,-ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Ըստ հարցման արդյունքների՝ տուն-ինտերնատներում կա 354 աղջիկ երեխա ունեցող տարեց, որոնց թվում 173 աղջիկն ընդհանրապես չեն այցելում իրենց ծնողներին: Դա 49 տոկոսն է՝ ի համեմատություն տղաների շրջանում 61 տոկոսի:
Փաստորեն, իրականությունը ժխտելու է գալիս այն կարծրատիպին, որի պատճառով Հայաստանում տարեկան մոտ 1400 սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ են կատարվում:
Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ տղա զավակների կողմից լքված ծնողներին խնամում են ամուսնացած, առանձին ընտանիք ունեցող աղջիկները: Ուստի նման թյուր ըմբռնումները վերաարժեվորման կարիք ունեն:
Սիրեք և հոգ տարեք ձեր ծնողների մասին, չէ որ նրանք աշխարհում ամենաթանկ և անփոխարինելի ունեցվածքն են, որը մենք ունենք:
Syunikonline.am