Ում իրավունքն է պաշտպանում վարորդների իրավապաշտպանը`буря в стакане воды
“Աքիլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը “буря в стакане воды” արտահայտությամբ բնութագրեց կառավարության նախագծի դեմ տաքսու վարորդների բողոքի ցույցերը:
“Ժամանակին պայքարում էին դեղին համարանիշերի դեմ, հիմա էլ` հակառակը: Օրենքը դա է պահանջում: Սպիտակ համարանիշներով մեքենաները կարող են նաեւ Վրաստան գնալ, որը մինչ այդ չէին կարող: Ուղղակի կառավարությունը պետք է գոնե ներողություն խնդրի այդ ամենի համար”,-կարծում է Է. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Ազգային ժողովը սխալ է անում, որ կառավարությանն է լիազորել երթեւեկության կանոնները կազմել:”Պետք է օրենքով սահմանվի երթեւեկության կանոնները: Այժմ մեկ-երկու տարվա մեջ փոփոխություններ են կատարում երթեւեկության կանոններում, սակայն պարտականությունները պետք է սահմանվեն միայն օրենքներով, որ այդքան փոփոխություններ չարվեն”,-ասաց նա:
Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով, վարորդների 95%-ը չգիտեն երթեւեկության կանոնները: “Ինչպե՞ս են սովորում. տուգանվում են`սովորում են, տուգանվում են`սովորում են: Որոշ ժամանակ առաջ 99%-ը չգիտեր երթեւեկության կանոնները, այժմ 95%-ը”,-իր խոսքը եզրափակեց ավտովարորդների իրավունքների պաշտպանը: