Ինչ գլամուր, ինչ հացադուլ … երեխաները պարում են թշնամու գնդակների տակ /ֆոտո, վիդեո/
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, որ ունի մոտ 1250 բնակիչ, հարևան Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ ընդհանուր սահման: ունի: Գյուղի վերջին տունն ադրբեջանական հենակետերից հեռու է ընդհամենը 700 մ-ով:
Այստեղ ավարտվում է մեր հայրենիքը, միայն թե Հայաստանն այստեղ բոլորովին ուրիշ է … “ջիպավոր” ու ակումբներում “տժժացող” գլամուր երիտասարդություն, Ազատության հրապարակ, քաղաքական “սառը պատերազմ”, նամակագրություն, երկխոսություն, հացադուլ … այս երեւույթները Չինարիում “չուկչայի” պես հեռավոր ու անհասկանալի բաներ են:
Այստեղ ամեն ինչ պարզ է` առանց ավելորդ պաճուճանքի եւ “ՓիԱր” փաթեթավորման` կյանքն է եւ այն սպանող մահը, որ ամեն վայրկյան շնչում է ծոծրակիդ:
Հենակետերին դեմ հանդիման կանգնած է Չինարիի մանկապարտեզը՝ 30 սանով ու չորս աշխատողով: Մինչև մանկապարտեզ հասնելը՝ մեծ թե փոքր գիտեն ցանկացած պահի թշնամու նենգ գնդակը կարող է անցնել իրենց կողքով:
Հստակ գիտեն նաեւ յուրաքանչյուր փողոցի որ մասով պետք է քայլեն, որ թշնամու գնդակից խույս տան:
“Մանկապարտեզում կրակահերթերի ժամանակ գնդակների ձայնը խլացնում ենք երեխաների ուշադրությունը շեղող երաժշտությամբ: Մուլտիկ ենք միացնում, երաժշտություն, որ պարեն:
Խուց ունենք` երեխաներին այնտեղ ենք պահում: Ահ ու սարսափ ենք զգում, ամեն վայրկյան կարող են կրակել: Ամեն րոպե պատրաստ ու սպասողական վիճակում պետք է լինես”,- պատմում է խոհարարը` տիկին Սոնյան :
Փոքրիկներն էլ գիտեն` կրակոցների ժամանակ ուր պետք է թաքնվել: Henaran.am –ի հետ զրույցում ասում են` “չեն վախենում թուրքերից, երբ մեծանան զինվոր են դառնալու հայրենի գյուղը թուրքերից պաշտպանելու համար”:
Մանրամասները` տեսանյութում: