Օսկանյանի կարճ հիշողությունը. Առավոտ
Այսօր ինչ էլ գրես, կստացվի, որ գրում ես այս կամ այն քաղաքական թիմի օգտին կամ դեմ, չնայած ես անձամբ որեւէ դեպքում նման մտադրություն չունեմ: Եվ քանի որ խոսք կգնա Վարդան Օսկանյանի մասին, որը Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականում է, նախօրոք ասեմ, որ ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե պարոն Օսկանյանը դառնա Երեւանի քաղաքապետ` գրագետ, կրթված մարդ է, կարողանում է իր մտբերը հասկանալի ձեւով շարադրել:
[Չնայած ինձ ավելի հոգեհարազատ է ՀԱԿ-ի ցուցակը` Վահագն Խաչատրյանի գլխավորությամբ]: Պարզապես քաղաքական գործիչները չպիտի հույս դնեն մարդկանց կարճ հիշողության վրա, եւ երբ նրանք, մասնավորապես` պարոն Օսկանյանը, այսօր պայքարում են մամուլի ազատության համար, նրանբ չպիտի մոռանան, որ տարիներ շարունակ այդ ազատություն խեղդողների շարքերում էին:
Այն, ինչ կատարվում է “Սիվիլիթաս” հիմնադրամի հետ, իհարկե, իր մեջ քաղաքական տարր է պարունակում: Թիրախը, սակայն, որքան հասկանում եմ, ոչ այնքան այդ հիմնադրամի շրջանակներում աշխատող լրատվամիջոցն է [որն, ի դեպ, շատ արագ կարողացավ վաստակած հեղինակություն ձեռք բերել], որին անձամբ պարոն Օսկանյանը. ԱԱԾ-ի հետաքրքրությունը նրա նկամամբ բորբոքվում է հատկապես տարբեր տեսակի ընտրություններից առաջ եւ մարում է այդ ընտրությունների որոշակի արդյունքից կախված:
Իհարկե, դրա պատճառով տուժում են նաեւ մեր գործընկերները, սակայն լրատվամիջոցը, բարեբախտաբար, շարունակում է գործել:
Երեկ Վարդան Օսկանյանը հավաքել էր օտարերկրյա դեսպաններին եւ ներկայացրել “Սիվիլիթասի” հետ կապված իրավիճակը: Դեսպաններն իրենց աջակցությունը հայտնեցին նախկին արտգործնախարարին: Ինքնին դա, անշուշտ, դրական երեւույթ է: Բայց արդյոք այդ հանդիպման ժամանակ պարոն Օսկանյանը չհիշե՞ց, թե 6 տարվա ընթացբում` 2002 թվականի ապրիլի 2-ից սկսած, երբ իր նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկել էր եթերից “Ա1+”-ը, նա` որպես ԱԳ նախարար, քանի՞ դեսպանի, քանի՞ միջազգային կազմակերպության է բացատրել, որ Հայաստանում խոսքի ազատությունը չի ճնշվում, որ “Ա1 +”-ը պարզապես պարտվել է մրցույթում:
Քանի՞ անգամ է նա այդպիսով արդարացրել խոսքի ազատության շատ ավելի վայրագ հարձակումը, քան իրականացվում է այսօր: Իհարկե, մենք` “Ա1+”-ի աշխատակիցներս, այդքան մտերիմ չենք դեսպանների հետ եւ հնարավորություն չունենք նրանց հավաքելու մեր խնդիրների համար` մեր շրջապատն ավելի համեստ է:
Բայց, ենթադրենք, Քոչարյանի օրոք մեզ հաջողվեր նման հանդիպում կազմակերպել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի տոնայնությամբ դրան կանդրադառնային “ազատ, բայց պատասխանատու հեռուստաընկերությունները”` “հինգերորդ շարասյուն”, “ազգադավ ՀՀՇ-ականների դավադրություն” եւ այլն: Հիմա նման հիմարություններ գրեթե չեն խոսում: Սա է տարբերությունը:
Արամ Աբրահամյան