Գագիկ Բեգլարյանը` իր “թիկնապահի”, “բիզնեսի” եւ “լավագույն քաղաքապետի” մասին /վիդեո/
Այսօր տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր թիկնապահների եւ ներքաղաքական հարցերի:
Գագիկ Բեգլարյանը հաճախ է երթեւեկում տաքսիներով: Այն դիտարկմանը, որ նրա թիկնապահներն են իր հետ երթեւեկում` ասաց. “Ես թիկնապահներ չունեմ, ես ունեմ օգնական` Համո Մկոյան, որը տասը տարուց ավելի ինձ հետ է աշխատում: Ես ուրախ եմ, որ ինքը մի հոգի է, բայց 15 հոգու փոխարեն է երեւում”,-ասաց Բեգլարյանը:
Դիտարկմանը, թե նախարարը եկել է դժգոհող տաքսիստների հետ հանդիպման, որպեսզի մնա նախարարի պաշտոնում` Բեգլարյանը պատասխանեց`դա կապ չունի: Նա չգիտի` շարունակելու է պաշտոնավարել, թե ոչ: “Մեր երկրում նախագահն ու կուսակցությունն է որոշում, թե ով որտեղ է լինելու ,-ասաց տրանսպորտի եւ կապի նախարարը:
Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա Գագիկ Բեգլարյանը համոզված է որ “Հանրապետական” կուսակցությունը հաղթելու է: “Լավագույն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հե՞տ”`լրագրողի հարցին պատասխանեց` “”Հանրապետական” կուսակցության բոլոր քաղաքապետերը լավագույնն են”:
Այս ամենի, իր “տաքսի-բիզնեսի” եւ լրագրողների մասին Գագիկ Բեգլարյանի մեկնաբանությունները` տեսանյութում: