Բոտուլիզմի դեպք
Կրկին բոտուլիզմի դեպք է արձանագրվել
Մարտի 22-ին Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` մեկ տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածը մարտի 17-ին կնոջ հետ օգտագործել է տնային պայմաններում պահածոյացված լոլիկի մարինադ` ուտելով միայն պահածոյի պղպեղը: Հաջորդ օրը հիվանդի մոտ ի հայտ են եկել սրտխառնոց, փսխումներ և լուծ: Հիվանդը տանը կատարել է միայն ստամոքսի լվացում և բժշկի չի դիմել։ Նրա վիճակը գնալով ծանրացել է, ի հայտ են եկել նաև բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` թուլություն, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, դժվարացած շնչառություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում: Մարտի 22-ին հիվանդը դիմել է Բերդի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել և հոսպիտալացվել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:
Հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:
Լոլիկի պահածո օգտագործած կնոջ մոտ բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ չկան:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին ու կրկին հորդորում է.
• խուսափեք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
• մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի: