Տանջելով սպանել են թոռանս. միջադեպ Հայկազ Բարսեղյանի դատի ժամանակ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօրվա նիստին միջադեպ է տեղի ունեցել:
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների իրավասության դատարանում գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաների ուսումնասիրության ժամանակ, երբ բացվել է սպանված կուրսանտի մահճակալի սավանը, որն ամբողջությամբ արյունոտ է եղել կուրսանտի տատիկը հուզվել է:
Դատարանը հինգ րոպե ընդմիջում է հայտարարել:Ընդմիջման ժամանակ Հայկազ Բարսեղյանի տատիկը լացելով դիմեց ամբաստանյալների փաստաբաններին:
«Դուք հանցագործների եք պաշտպանում, որոնք տանջելով սպանել են իմ թոռանը»,- ասաց նա:
Ընդմիջումից հետո դատավորը թույլ չտվեց կնոջը ներկա գտնվել նիստին:
Դատարանը շարունակում է ուսումնասիրել ապացույցները:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: