Կառավարությունը կտրուկ գործողությունների է անցել
Կառավարության այսօրվա նիստի oրակարգային հարցերից առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականների ուղղությամբ աշխատանքներն սկսված են:
«Ավտոմեքենաների կրճատման հարցով մենք խնդրին մոտեցել ենք փուլային եղանակով եւ արդյունքները այսպիսին են, այսինքն՝ առաջին փուլում կկրճատվի 797 մեքենա»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանը առաջարկեց ֆինանսների նախարարին հանձնարարել՝ կառավարության հաջորդ նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների սահմանաքանակների նշված նվազեցումը, ինչպես նաեւ կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերը:
Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով արգելվում է հերթապահ մեքենաների ամրագրումը որեւէ կոնկրետ պաշտոնատար անձի: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պետք է ուսումնասիրություններ կատարվեն սպասարկվող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ: Բոլոր նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվաքանակը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը: Պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար ՊՈԱԿ-ներին, ՓԲԸ-ներին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկներին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարությանը, հիշեցնելով ԱԺ- վերջինի հարցուպատասխանի ժամանակ իր ելույթները, ստեղծել փաստաթուղթ, որ ներկրողներն իմանան, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր ներկրում իրականացնելու համար, որպեսի մյուս մարմիններում արհետական խոչընդոտներ չլինեն:
Վարչապետը ՊԵԿ-ին էլ հանձնարարեց, որպեսզի ստեղծեն հավասար հարկային եւ մաքսային պայմաններ բոլոր ներկրողների համար:
«Դա լինելու է վերահսկողության ծառայության ներքո, ստուգելու են, եւ անպայման շաբաթը մեկ կամ ամիսը մեկ ստուգելու են եւ բոլոր նման հայտարարություններին ականջալուր լինել, արագ լուծում տալ, եթե դրանք օրենքի պահանջներին համապատասխանում են»,- հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: