Բազմանում է չինովնիկությունը, բայց ոչ սեռական ճանապարհով … ֆորումները Ազատության հրապարակում կշարունակվեն
Ազատության հրապարակում քաղաքացիական կիրակնօրյա ֆորումը բացելով` “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեց բոլորին Ծաղկազարդի տոնի առթիվ եւ տեղեկացրեց, որ այսօրվանից մեկնարկում է քաղաքացիական խորհրդի երկրորդ շրջանը: Քննարկումները կշարունակվեն մինչեւ հինգշաբթի, կլինի երեք ասուլիս, իսկ հանրահավաք-հաղթահավաքը տեղի կունենա ուրբաթ օրը: Այդտեղ էլ Հովհաննիսյանը հատուկ հայտարարություն կանի:
“Երբ մարդը տեսնում է, թե ինչպես են իր աչքի առաջ ոտնահարում իր իրավունքները, երբ չկա արդարություն, չի էլ կարող լինել ոչ իրավական, ոչ էլ սոցիալական երկիր: Մենք տեսնում ենք, որ ամեն մի երկիր, որտեղ ավելանում է հարուստների թիվը, համապատասխանաբար աղքատների թիվը նվազում է կամ վերանում, մեզ մոտ հակառակն է տեղի ունենում՝ հարուստների թիվը երբ ավելանում է, դրան զուգահեռ աղքատների թվի կտրուկ աճ է տեղի ունենում”,-քաղաքացիական ֆորումում հայտարարեց Արկադի Վարդանյանը: Նա նկատում է, որ այսօր հայ ժողովուրդը զարթոնք է ապրել եւ ցանկանում է վերջ տալ այս ռեժիմին:
Վարդան Խաչատրյանի խոսքով էլ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդը պետք է տեր կանգնի դրան: “Բազմանում է չինովնիկությունը, բայց ոչ սեռական ճանապարհով, ժողովրդավարական երկրներում չինովնիկների թվի նվազում է նկատվում, ինչը չի կարելի ասել մեր երկրի դեպքում”,-ասաց նա:
Ֆորումի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Հարության տոնն է առաջիկայում եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հորդորեց ճիշտ որոշում ընդունել: