Համանախագահները ընդունել են հայկական կողմի առաջարկները
Արդեն երկրորդ օրն է` որոշ քաղաքական վերլուծաբաններ կարծիքներ են հայտնում` կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարության վերաբերյալ, որում նշվում է, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն:
Ի դեպ, հանդիպմանն իրենց մասնակցությունը կբերեն նաեւ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրասիայի ԱԳ նախարարները:
Հնչեց նաև կարծիք, որ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գնա այդ հանդիպմանը, դա կնշանակի, որ նա ինչ-որ տեղ հրաժարվում է իր ասածներից ու հայտարարություններից:
Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
Մեր զրուցակիցը նշեց, որ հանրապետության նախագահն ի սկզբանե նախապայմաններ չի առաջադրել, դրանք եղել են առաջարկներ կամ, կարող ենք անվանել , թեզիսներ:
«Առաջինը նախագահի ապրիլյան թեզիսներն են բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Երկրորդ` ինչ վերաբերում է նախագահը կգնա, թե չի գնա, դա պարոն նախագահը կորոշի, եւ օրենքի սահմանած ժամկետներում կիմանանք:
Երորրդ` ես ասել եմ իմ անձնական կարծիքը եւ այսօր էլ եւս մեկ անգամ կրկնում եմ` երեկվա տարածված այդ փոքրիկ հայտարարությունը եթե ուշադիր ուսումնասիրենք, ապա կնկատենք, որ հատարարության բառապաշարը համահունչ է նախագահ Սարգսյանի թեզիսներին»,- ասաց Էդ. Շարմազանովը` նշելով, որ ՀՀ նախագահի թեզիսներում առկա գաղափարները տեղ են գտել համանախագահների հայտարարությունների մեջ. «Սա նշանակում է, որ համանախագահները համամիտ են հանրապետության նախագահի առաջարկներին»: