Հիշել Կանտին, ոչ թե սիրել Հիտլերին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթի կազմակերպիչներին՝ կապված ԼՂՀ դրոշի արգելքի հետ:
Արցախի մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը ներկայացրել է իր պաշտոնը՝ ընդգծելով, որ հպարտորեն պաշտպանելու է ԼՂՀ մոտ 150.000 բնակիչների՝ տղամարդկանց, կանանց, երեխաների ու տարեցների իրավունքներն ու ազատությունները:
Նա Արցախի ժողովրդի անունից անհամաձայնություն է հայտնել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների կողմից 2016 թվականի մայիսի 11-ին արված պաշտոնական հայտարարության հետ, որում Ղարաբաղյան հակամարտությունը պարզապես ներկայացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ:
Մելիքյանը հիշեցրել է` ԼՂՀ ժողովուրդը 1991 թվականին կյանքի է կոչել ինքնորոշման իր հիմնարար ու անքակտելի իրավունքը՝ հայտարարելով Խորհրդային Ադրբեջանի Հանրապետությունից իր անկախության մասին, ինչն ամբողջովին իրականացվել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Նամակում ոչ ճշգրիտ և ԼՂՀ ժողովրդի համար վիրավորական է որակվել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների կողմից Ղարաբաղյան հակամարտության նկարագրությունը:
Դրանում «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների ուշադրությունն է հրավիրվում 2016 թվականի ապրիլի 2-5-ը տեղի ունեցած իրադարձությունների և, մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի գործած բոլոր խախտումների ու գազանությունների վրա: Հիշեցվում է, որ ԴԱԻՇ-ի ոճով գլխատման, տարեցների խոշտանգումների, դպրոցների ու բնակատեղիների ինտենսիվ հրետակոծությունների այդ փաստերը Եվրոպայում (նկատի է առնվում նրա մաս կազմող ԼՂՀ-ում) տեղի են ունեցել ընդամենը 40 օր առաջ, և որ Ադրբեջանը սպառնում է կրկնել դրանք, եթե ԼՂՀ ժողովուրդը չենթարկվի Ադրբեջանական Հանրապետության օրենքին, որը վարում է հայատյացության պետական քաղաքականություն:
ՄԻՊ-ը կոչ է արել հիշել Եվրոպայի հիմնարար արժեքների մասին, որոնք առկա են Ջոն Լոկի, Վոլտերի, Կանտի ուսմունքներում և ոչ թե սիրել Հիտլերին ու Մուսոլինիին: Վերջում կոչ է արվում մնալ երաժշտական մրցույթի ձևաչափի շրջանակներում և դուրս չգալ միջազգային քաղաքականության ոլորտ: