«Ես Կարոն եմ». թեժ կրքեր Երեւանի կենտրոնում
Երեւանում այսօր՝ մայիսի 11-ին, երթ է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի: «Ես Կարոն եմ» նախաձեռնության անդամներն ակցիայի են անցկացնում Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի անվտանգությունն ապահովելու կոչով։
Քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակ են գնացել Հանրապետության հրապարակից՝ քայլերթով: Նրանք պահել էին «Մենք բոլորս Կարո ենք», «Մենք՝ հայերս, հպարտանում ու սիրում ենք քեզ, Կարո Փայլան» գրությամբ պաստառներ:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ՄԱԿ-ից պահանջում են դատապարտել Թուրքիային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք ցույց տալու համար եւ տարբեր երկրների ներկայացուցիչներից բաղկացած հանձնախմբով զբաղվել Կարո Փայլանի դեպքի հետաքննությամբ:
Ակցիայի մասնակիցների նամակը ընդունեց անվտանգության աշխատակիցներից մեկը, ինչը դժգոհություն առաջացրեց ակցիայի մասնակիցների մոտ, նրանք հրաժարվեցին նամակը տալ աշխատակցին: Երկրորդ անգամ նամակը ստանալու եկավ գրասենյակի անվտանգության պետը, քաղաքացիները համաձայնեցին նրան հանձնել նամակը, ըստ իրենց, չհասկանալով, որ նա անվտանգության աշխատակից է:
«Մեզ արհամարհում են, քանի որ համապատասխան բաժնից մարդ չեն ուղարկում : Մեր նամակը ընդունեցին էթիկայի կանոնների խիստ խախտմամբ եւ դրանով մեր նկատմամբ ցույց տալով իրենց վերաբերմունքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց կազմակերպիչներից Մարկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենք դիմելու են ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ բողոքելու նման վերաբերմունքի դեմ:
Նշենք, որ ակցիային մասնակցում էր նաեւ Երեւանի Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդերին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու օրինագծի քննարկումների ժամանակ իշխող կուսակցության պատգամավորները 3 օր շարունակ հարձակվել են քուրդ պատգամավորների վրա եւ ծեծկռտուք սարքել։ Իսկ մայիսի 3-ին իշխող կուսակցության անդամների գլխավոր թիրախը եղել է Կարո Փայլանը:
Ավելի ուշ Կարո Փայլանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կանխամտածված իրեն թիրախ են ընտրել ծեծկռտուքի ընթացքում այն բանի համար, որ ինքը հայ է: