20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Հիշեք նաեւ իմ մասին”. հաշմանդամ քաղաքացու նամակը` ավագանու անդամներին

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, “Առաքելություն” կուսակցությունների եւ “Բարեւ, Երեւան” դաշինքի հարգելի թեկնածուներ. 

Մինչ ձեր նախընտրական քարոզարշավը սկսելը թույլ տվեք հիշեցնել, որ այսօր Երեւանում բնակվում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60.000 մարդ: Նրանք շարունակում են մեկուսացած ապրել, երբ մեր քաղաքում կառուցվում են նոր շենքեր, ներկրվում են տրանսպորտային նոր միջոցներ: Կառուցվող կամ վերանորոգվող շինություններում, փողոցներում եւ հասարակական վայրերում չեն պահպանվում այն շինարարական նորմերը, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր են ապահովում: Եվ այդ ամենն արվում է ի խախտումն ՀՀ օրենսդրության եւ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների: 

Հարգելի՛ թեկնածուներ, կոչ եմ անում ծրագրեր կազմելիս եւ Երեւանի քաղաքապետ ընտրելիս առանձնակի ուշադրություն դարձնել այս խնդրին: Խոսքը փաստաթղթերում ընդհանուր ձեւակերպումների կամ իրենց դարն ապրած մոտեցումների մասին չէ, ոչ էլ անհարկի շահարկումների, որոնց ականատեսն ենք դառնում ընտրությունից ընտրություն: Հավատացեք` այդ ամենը սովորել ենք հեշտությամբ տարբերել: 21-րդ դարի Երեւանում ապրող հաշմանդամություն ունեցող մարդուն մատչելի միջավայր ապահովելու համար հստակ, որոշակի եւ չափելի գործողություններ են անհրաժեշտ, պատասխանատու եւ բարեխիղճ քաղաքապետ` անկախ այն բանից, թե որ կուսակցության անդամ է: 

Համոզված եմ, որ մեր քաղաքը բոլորինը դարձնելու գործում ձեզ կօգնեն ոչ միայն հասարակական կազմակերպությունները, այլ նաեւ իրենց քաղաքը սիրող ինձ նման բնակիչները: Ես մեկն եմ այն հազարավոր քաղաքացիներից, ովքեր արհեստական խոչընդոտների պատճառով իրենց օտար են զգում մայրաքաղաքում. Երեւանը իմը չէ: 

Ձեր ծրագրերը մշակելուց եւ խոստումներ տալուց առաջ հիշեք նաեւ իմ մասին: Մայիսի 5-ին ես նույնպես գնալու եմ ընտրության, որովհետեւ ուզում եմ, որ Երեւանը դառնա նաեւ իմ քաղաքը: Ես ոչ միայն արժանի եմ դրան, այլեւ դրա իրավունքն ունեմ: Ի վերջո, այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին:
Մաղթում եմ ձեզ հաջողություններ:

 

Հարգանքով`
Երևանի բնակիչ` Զարուհի Բաթոյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ