Չփորձել իրենց իրական արժեքից ավելին ներկայանալ. խորհուրդ որոշ ուժերի ջահելներին
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությունը, որտեղ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին պատգամավորն առաջարկել է ոստիկանությանում ինքնախոստովանական ցուցմունք գրել:
“Հաշվի առնելով, որ ԲՀԿ պատգամավորների կողմից թվերի լեզվով և իրավական ձևակերպումներով հնչեցվող քննադատական, բայց կոռռեկտ հարցադրումներին ոչ կառավարությունը և ոչ էլ վարչապետն անձամբ չեն պատասխանում, այլ փոխարենը վարչապետի օգնականներն ու խոսնակները, երևի չհասկանալով, որ իրենց ղեկավարից կոնկրետ պատասխաններ են ակնկալվում, նորից փորձում են վիրավորանքներով ու իբր հումորով շեղել հանրությանը բուն էությունից:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ անհապաղ մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք և ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրել”,-ասել էր Ուրիխանյանը:
“Որոշ քաղաքական ուժերի ջահելներին խորհուրդ եմ տալիս իրենց տեղավորել քաղաքական էթիկայի եւ քաղաքավարության կանոնների համամարդկայնորեն ընդունված նորմերի մեջ եւ չփորձել իրենց իրական արժեքից ավելին ներկայանալ եւ խորհուրդներ տալ ՀՀ վարչապետին:
Կարծում եմ օգտակար կլինի որ ոմանք հիշեն իրենց ոչ հեռավոր մանկությունը եւ հասկանան, որ ՀՀ վարչապետը պարտավոր չէ անձամբ պատասխանել ուղղորդված եւ չարացած որոշ մեկնաբանությունների”,-մեզ հետ զրույցում ասաց Մարգարիտ Եսայանը: