19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 20-ին ընդունեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Գունար Վիգանդին եւ պատվիրակության անդամներին՝ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ փուլին մասնակցելու նպատակով Երեւան ժամանելու կապակցությամբ, Հովիկ Աբրահամյանն իր գոհունակությունը հայտնեց, որ ներկա բանակցություններում դրական արդյունք է արձանագրվել:

Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավական հագեցած են եւ լավ նախադրյալներ կան համագործակցության օրակարգն առաջ տանելու համար ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների մակարդակով: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ զգալի է առաջընթացը 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում:

Նրա խոսքով՝ այդ առաջընթացը վկայում է ինչպես երկու կողմերի բարձր պատրաստակամության, այնպես էլ հիմնական խնդիրների շուրջ մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին: Խորհրդարանի ղեկավարը վստահություն հայտնեց, որ Համաձայնագիրը նոր ուժ եւ որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Անդրադառնալով Ասոցացման համաձայնագրի կարեւոր մաս հանդիսացող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ այդ կապակցությամբ 2012թ. հունիսից մեկնարկած ՀՀ-ԵՄ բանակցությունները հաջողությամբ են ընթանում եւ հայկական կողմը մտադիր է մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովն ավարտին հասցնել դրանք:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գունար Վիգանդը հիշեց իր, ինչպես նաեւ ԵՄ բարձրաստիճան ղեկավարության նախորդ այցերը Ազգային ժողով, որոնք աներկբա ապացույցն են նրա, որ առկա է քաղաքական կամք՝ ավելի սերտ եւ խորը հարաբերություններ հաստատելու համար: Նա բարձր գնահատեց հայ խորհրդարանականների՝ այս գործընթացին սատարելու պատրաստակամութունը, որի ապացույցն էր նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Բրյուսել կատարած այցը:

“Մենք հաստատակամ ենք ու վստահ եւ կշարունակենք մեր համագործակցությունը՝ շաղախելով այն ավելի ամուր կապերով”,-ասաց բանակցային խմբի ղեկավարը: Ըստ նրա, խոսքը չի գնում ձեւական կամ խորհրդանշական հարաբերությունների մասին, այլ շատ ավելի նյութական փոխգործակցության, որը կօժանդակի Հայաստանի տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներին:

Ընդ որում՝ խոսքը գնում է ոչ միայն Հայաստանի ստանձնած պարտավորությունների, այլ նաեւ ԵՄ-ի՝ ՀՀ-ի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին, ինչը ներառում է նաեւ որոշակի ֆինանսական օժանդակություն: “Գաղափարները, հասկացությունները կարող են ամփոփվել համաձայնագրերի մեջ, սակայն շատ կարեւոր է, որ մենք դրանց հաղորդենք գործնական բովանդակություն”,-նշեց Գունար Վիգանդը:

Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրմամբ գործընթացը ոչ թե ավարտվում, այլ դրանով միայն սկիզբն է հայտարարվում, եւ հետագայում կարեւոր է լինելու բոլոր օղակների, այդ թվում օրենսդիր մարմնի ակտիվ գործունեությունը: Գունար Վիգանդը հույս հայտնեց, որ Համաձայնագրի ստորագրումից հետո Ազգային ժողովը անհապաղ ձեռնամուխ կլինի դրա վավերացմանը: Ըստ նրա՝ ակնկալվում է, որ փաստաթղթի նախաստորագրումը տեղի կունենա 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ:

Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ ՀՀ ԱԺ-ն հնարավորինս արագ կվավերացնի Համաձայնագիրը: Նրա խոսքով՝ Ազգային ժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը եւ օպերատիվ կերպով իրականացրել եվրոպական չափանիշներին համահունչ օրենսդրական փոփոխություններ, որոնք բխում էին նաեւ ՀՀ ներքին օրակարգից:

Կողմերն անդրադարձան այլ հարցերի եւս:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ