Թուրքական մամուլն անդրադառնում է հայ գործարարին
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ` ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ace» զբոսանավը մեկ այլ ուղեկցող նավի հետ միասին խարիսխ է գցել Էգեյան ծովի թուրքական ափերի մոտ` Մարմարիս քաղաքից ոչ հեռու:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը «Ռուս միլիարդատերերի զբոսանավերը սկսել են զարդարել Էգեյան ծովի ափերը» վերնագրով հրապարակման մեջ շեշտում է, որ զբոսանավի սեփականատերը ազգությամբ հայ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է:
Թերթը գրում է, որ Կարապետյանին պատկանող 2 նավերից էլ հաճախ մարդիկ մոտորանավակներով ափ են իջնում գնումներ կատարելու` ավելացնելով, որ նավերի վրա գտնվողների մասին տեղեկություններ չկան:
Թուրքական թերթը նաև տեղեկություններ է հայթհայթել իրենց ափերը զարդարող նավերի վերաբերյալ: Ըստ այդմ` գերմանական «Lurssen Yachts» ընկերության կողմից արտադրված և 2012 թվականին ծով իջեցված 87 մ երկարությամբ զբոսանավը աշխարհում ամենալավերից մեկն է: 28 հոգանոց անձնակազմ ունեցող նավն ունի 6 նավախցիկ, ՍՊԱ սրահ, ռուսական բաղնիք, մերսման սենյակ, ջակուզի, մարզասրահ, դիսկոտեկ և կինոսրահ:
Ուղեկցող նավի վրա էլ, ըստ աղբյուրի, տեղակայված է 1 ուղղաթիռ, մոտորանավակներ, և ջրային սպորտի պարագաներ:
Աղբյուրը ՝ Ermenihaber.am