Սթափվելու ժամանակն է, սիրելի լրատվամիջոցներ
Ծանր ու պատասխանատու այս պատմական պահին, երբ վճռվում է հայոց պետականության գոյության հարցը, մեր լրատվությունը մեծ մասամբ զբաղված է էժանագին սենսացիաներով եթերն ու էջերը լցնելու իր առօրեական գործով:
Ցավով կարդացի հերյուրախառն գրառումները, թե իբր Հերմինե Նաղդալյանը ուղղաթիռներով ինչ-որ բիզնես ծրագրեր է լուծել կամ ոչինչ չի արել արցախյան պատերազմի համար: Այդ ժամանակներում ես անձամբ ականատես եմ եղել այդ երիտասարդ կնոջ աշխատանքին, ուղղաթիռների աշխատանքին և այդ պոռոտախոսներին պետք է ասեմ՝ ա՛յ անտեղյակներ, յուրաքանչյուր ուղղաթիռի թռիչքը իրադարձություն էր և ասեղն անգամ տեղ չէր գտնի, երբ ուղղաթիռով գալիս էր ամենակարևորը՝ զենք, զինամթերք, շատ այլ ինքնապաշտպանությանը անհրաժեշտ բաներ, տեղափոխում էին վիրավորներ ու երեխաներ, երբ յուրաքանչյուր ուղերթը հրատապ անհրաժեշտություն էր: Ցավոք սրտի, 1992 թվականին, ես իմ եղբորը տեղափոխել եմ Ստեփանակերտից Երևան, և ես կարող եմ ասել, որ հազարավոր մարդիկ, վիրավորներ, զինվորներ, երեխաներ, ռմբակոծության, թշնամու ինքնաթիռների գրոհների տակ հազիվ էին տեղափոխվում և ինքնաթիռները հերոսական գործ էին կատարում: Ինչի՞ մասին է խոսքը: Երբ այդ անտեղյակները նման հերյուրանքներ են տարածում, արդեն վիրավորանք է:
Պետական այրերի մասին գրելուց առաջ գոնե ձեր փափուկ թիկնաթոռներից կտրվեք, և հարցրեք ականատեսներին, թե որքան ազատամարտիկների է օգնել Հերմինե Նաղդալյանը, թե քանի անգամ է կռվող Սիսական ջոկատներին ճանապարհել և թե ինչքան օգնել կռվողներին և վիրավորներին:
Ես, որպես ազատամարտիկ, մեկ ամիս է ռազմի դաշտում եմ՝ Մատաղիսում և Ջեբրահիլում, ուր եկել ենք պատերազմի հաջորդ օրը մարզպետի և մարզի երկրապահների հետ, և ուզում եմ ասել ժողովրդին և Հայաստանի հանրապետության նախագահին ու իշխանությանը՝ հայոց բանակը հզոր է ու մարտունակ: Ասածիս ապացույցն է, որ մեկ վաշտը ջախջախիչ պարտության է մատնել թշնամու 2 բրիգադի, հարձակողական ողջ ուժերը ոչնչացնելով, և թշնամին կարողացել է ընդամենը մի երկու հատվածում 50-ից 100 մետր առաջ գնալ, մինչդեռ ծրագրել էր հարյուրավոր կիլոմետրեր առաջ գնալ: Մեր բանակը համալրված է հզոր զինվորներով և պատրաստված ու փորձառու երիտասարդ սպաներով: Երկրապահն ու ազատամարտիկները մեր բանակի թիկունքին են կանգնած, ժողովուրդը պատրաստ է պայքարել և հպարտ ապրել:
Դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ մենք ձեր ողջամիտ ու իմաստուն ցանկացած որոշման պաշտպաններն ենք, Դուք եք մեր առաջնորդը ու մենք հավատում ենք Ձեզ, և պատրաստ ենք կատարելու հանուն հպարտ ու ինքնիշխան հայրենիքի գոյության, ցանկացած հրաման, իսկ լրատվամիջոցներին կոչ եմ անում՝ բերեք մեր ազգի հպարտ գոյության ապացույցները, մեր բանակի, մեր ազատամարտիկին իր վերջին ունեցածը տվող ժողովրդի, նամակներ գրող երեխաների մասին գրեք, նրանց մասին, ովքեր այսօր հպարտորեն պաշտպանում են մեր հայրենիքը, պետք չի սևացնել հերոսական, ազգային մեծ գործը:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ , 92-94 թթ արցախյան ազատամարտի մասնակից, Կապիտան-մայոր, Սիսական ջոկատի 2-րդ վաշտի հրամանատար, արևելյան զորախմբի զորային հետախուզության պետ, Հ. Նաղդալյանի մարտական ընկեր