Մանուշակը հանել է “վաճառվում է” ցուցանակը. 168 ժամ
“168 ժամ”-ում հրապարակված այն տեղեկությունը, որ ՀԱԿ կենտրոնական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը մեկնել է ՀՀ-ից եւ շինարարական բիզնես է ծավալել Սոչիում, մեծ իրարանցում է առաջացրել ՀԱԿ-ում:
Ըստ թերթի, նախագահական ընտրություններից հետո Մանուշակ Պետրոսյանը բողոքում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելը բավական թանկ արժեցավ իր ընտանիքին, քանի որ իշխանությունները սկսեցին խոչընդոտներ ստեղծել իր եղբոր շինարարական բիզնեսի համար: Արդյունքում՝ եղբայրը ստիպված էր վաճառքի հանել ընկերության ողջ գույքը եւ շինարարական տեխնիկան, որի մի մասը, ըստ որոշ տեղեկությունների, գնեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Սակայն նախորդ տարվա ամռանը Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանությունների հետ բանակցություններում իրենց խողովակը Մ. Պետրոսյանն է: Օրինակ, ոստիկանության հետ բանակցություններում ՀԱԿ խողովակը Լեւոն Զուրաբյանն, Ավետիս Ավագյանը եւ Դավիթ Մաթեւոսյանն էին: ՀԱԿ անդամներին այժմ հետաքրքրում է այն հարցը, թե արդյո՞ք այդ բանակցությունների արդյունքում է, որ Մ. Պետրոսյանը կարողացել է կարգավորել իր հարաբերությունները իշխանության հետ եւ հնարավորություն ստացել գործունեություն ծավալել Հայաստանից դուրս:
“Սոչիումշինարարություն կարելի է անել միայն մեծ փողի եւ ուժեղ թիկունքի պայմաններում”,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչներից մեկը` հիշեցնելով, որ մինչեւ բանակցությունները Մ. Պետրոսյանը 2.5 միլիոն դոլարով ցանկանում էր վաճառել Աջափնյակ համայնքում գտնվող իր “օբյեկտը”, որի վրայից հանվել է “Վաճառվում է” հայտարարությունը: