Երեւանի բնակչության մեծ մասն իր քվեն տալու է Տարոն Մարգարյանին. Սերժ Սարգսյան
Երեկ` մարտի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցերին` անդրադարձել է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Մասնավորապես, Սերժ Սարգսյանի խոսքով, յուրաքանչյուրը առաջադրելով իր թեկնածուներին, չի նշանակում որ պետք է թշնամաբար տրամադրվեն, “չի նշանակում, որ իրար պետք է վարկաբեկենք, մանավանդ, որ վստահ եմ՝ արժանի մարդիկ են առաջադրվելու”:
Որպես Հանրապետական կուսակցության նախագահ` Սերժ Սարգսյանը ասել է, որ ՀՀԿ ցուցակը ամբողջովին պատրաստ է, եւ այն գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
“Այս ընթացքում աշխատելով քաղաքապետ, իսկ դրանից առաջ քաղաքապետի տեղակալ, դրանից առաջ թաղապետ, ես չեմ տեսել մի դեպք, երբ Տարոն Մարգարյանը սուտ խոսի, անազնիվ որեւէ քայլ նրա կողմից չեմ տեսել: Որեւէ մեկը, կարծում եմ, օբյեկտիվ լինելու պարագայում, չի կարող ասել, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանը հղփացել է, որեւէ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանը մեծ թվով թիկնապահներով է շրջում:
Որեւէ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանը կտրվել է ժողովրդից եւ որեւէ մեկը, օբյեկտիվ լինելու պայմաններում, չի կարող ասել, որ այսօրվա Երեւանն ավելի վատն է, քան անցյալ տարվանը, նախանցյալ տարվանը, քան 5 տարի առաջվանը: Եվ այս բոլորը հաշվի առնելով՝ մենք միաձայն որոշել ենք Տարոն Մարգարյանին առաջադրել քաղաքապետ, ի տարբերություն մնացած այլ քաղաքական ուժերի, ովքեր միգուցե ցուցակի առաջատարին արդեն որոշել են, բայց դեռեւս չեն որոշել, թե ո՞վ պետք է լինի Երեւանի քաղաքապետը:
Այսինքն, երեւանցին պետք է քվեարկի այդ ցուցակի համար՝ չիմանալով, թե առաջին հերթին ո՞վ է լինելու իր կենցաղային հոգսերը հոգացողը: Առավելությո՞ւն է դա մեզ համար, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այո: Եվ այսպիսի բազմաթիվ առավելություններ մենք ունենք: Դրա համար էլ ես վստահ եմ, որ Երեւանի բնակչության մեծ մասն իր քվեն տալու է Տարոն Մարգարյանին:
Դեռեւս չի սկսվել ընտրապայքարը, դրա համար էլ ես հանգիստ կարող եմ սա ասել: Կարծում եմ մենք լավ ընտրություններ ենք ունենալու”,-իր խոսքն եզրափակել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: