Երեք հրաժարականի պահանջ/վիդեո/
“Երիտասարդական ընդվզում” շարժումը ստորագրահավաք է իրականացնում ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին հեռացնելու պահանջով:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց շարժման ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը: Նա նշեց,որ պահանջ է դրված մինչև մարտի 22-ը հեռացնել Գևորգ Մելքոնյանին զբաղեցրած պաշտոնից,իսկ պահանջը չբավարարելու դեպքում իրենք կսկսեն պահանջել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնանի հեռացումը:
Շարժման մասնակից Արման Ալեքսանյանը հավելեց, որ ստորագահավաքին միացել են շուրջ 2000 ուսանող ԵՊՀ-ից և մոտ 1000 ուսանող այլ համալսարաններից:
“Այժմ նպատակ ունենք անցկացնել ստորագրահավաք յուրաքանչյուր ֆակուլտետում, որպեսզի այն ավելի համակարգված բնույթ կրի, այնուհետև կկազմվի նամակ, որում կլինեն նաև հավաքված ստորագրությունները, որն էլ կփոխանցվի Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին”,-տեղեկացրեց ԵՊՀ ուսանողը:
Ստորագրահավաքի նախաձեռնողները պահանջում են նաև հեռացնել Սերժ Սարգսյանին ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնից:
“Նման բարձր պաշտոնյաների առկայությունը համալսարաններում դրական չի անդրադառնում կրթության ոլորտի վրա, քանի որ նրանք ունեն հստակ շահ կառավարման մեջ և նույնն էլ կիրառում են համալսարաններում” ,-ասաց:
Նկատենք, որ “Երիտասարդական ընդվզում” շարժումը տեւական ժամանակ դասադուլի կոչերով էր հանդես գալիս բոլոր բուհերում, ինչը սակայն ձախողվեց: