ՀՐԱՏԱՊ . Հարկայինի պետը մարդ է ծեծել դատախազի տան դիմաց/լրացված/
Ինչպես հաղորդում են Henaran.am-ի աղբյուրները, քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել հարկային տեսչության Սիսիանի բաժնի պետ Նաիրի Բախշյանի եւ քաղաքացիների միջեւ: Ըստ ականատեսների, հարկայինի պետը Սիսական փողոցում կանգնեցրել է մի ավտոմեքենա եւ վարորդին հարցրել թե ի՞նչու է արագությունը գերազանցում:
Քաղաքացին հարկայինի պետին շատ հանգիստ պատասխանել է, որ նա “գայիշնիկ չի, եւ իր գործը չէ”: Այս պատասխանից հետո Բախշյանը ապտակել է վարորդին, եւ վերջինս էլ “տակ չի մնացել”` պատասխանելով նրան:
Միջադեպին խառնվել են փողոցով անցնող սիսիանցիները: Սկսված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: Դեպքը տեղի է ունեցել հենց Սիսիանի դատախազի տան դիմաց: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:
Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ Նաիրի Բախշյանը հերքեց, որ ապտակել է վարորդին: Սակայն ասաց, որ դիտողություն է արել “Գազ 24”-ի մի վարորդի, որը քիչ խմած էր եւ արագ էր քշում: “Ինձ դուր չի գալիս, որ իմ քաղաքում անկարգ են պահում իրենց, զգուշացրի, մարդը հասկացավ եւ ներողություն խնդրեց”,-ասաց Ն. Բախշյանը: Մեր հարցին` Նաիրի Բախշյանը ապտակե՞լ է վարորդին, վերջինս հերքեց:
Նրա խոսքով, խրատը եւ ներողությունը այնքան կարճ է տեւել, որ ոստիկանները չեն հասցրել գալ: “Ոստիկանության խնդիր էլ չկար”,-ասաց նա:
Բախշյանը նաև ասաց, որ բնականաբար, նման դեպքերում հավաքվում են անցորդները, ուստի “զրույցը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ եւ բնականաբար մարդիկ էին հավաքվել”: