Հունիսի 2-ին Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը․գերմանաբնակ թուրք պատգամավոր
Գերմանիայի «Կանաչների» (Die Grüne) կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը համոզմունք է հայտնել, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Օզդեմիրը թեմային անդրադարձել է DW TV-ի «Conflict Zone» հաղորդման ընթացքում: Նա նշել է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի կառավարությունն ընդունի, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում 100 հազարավոր հայերի սպանությունը հենց ցեղասպանություն է եղել:
«Հունիսի 2-ին՝ 100 տարի շարունակ Հայոց ցեղասպանությունը ժխտելուց հետո, Գերմանիայի դաշնային խորհրդարանը որոշում պիտի կայացնի այն մասին, որ դա ցեղասպանություն է եղել և Գերմանիան էլ, որպես Օսմանյան կայսրության դաշնակից, նույնպես որոշակի պատասխանատվություն է կրում դրա համար», -ասել է պատգամավորը:
Օզդեմիրը նշել է նաև, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի նախագիծը մշակվել է «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցության հետ համատեղ:
Նշենք, որ անցյալ տարի ևս Բունդեսթագի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձև, որի ընդունմանը խոչնդոտել էին Գերմանիայի «Քրիստոնեական միություն» (CDU/CSU) և «Սոցիալ -դեմոկրատական» (SPD) կուսակցությունների խորհրդարանական խմբերը:
Հիշեցնենք նաև, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը ղեցասպանության 100-ամյակին նվիրված իրենց ելույթների ժամանակ ճանաչել են Հայոց ցեղասպանոււթյունը: