Հայտնի անուններ. ստվերային իշխանություն են ձեւավորում /վիդեո, ֆոտո/
Չնայած անձրեւային եւ քամոտ եղանակին, Ազատության հրապարակում, մարտի 17-ին, նախատեսված ժամին մեկնարկեց Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը: Բացելով նիստը` “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց հավաքվածներին, ասաց, որ հիանալի եղանակ է, եւ այս նիստը շարունակությունն է իր սկսած պայքարի: Առաջին նիստին Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը ներկայացրին իրենց տեսակետները նոր իշխանության ձեւավորման մասին:
Նիկոլ Փաշինյանն ասաց, պետք է կադրերի բանկ ստեղծել, որպեսզի համալրվի նոր իշխանությունը, քանի որ Րաֆֆին հացադուլի մեջ է եւ պետք է նրան օգնել: Նիկոլը պարզապես առաջարկեց մտածել եւ տալ անուններ:
“Ես ուզում եմ արձանագրել, որ ԼՂՀ-ն ունի ընտրած նախագահ, ունի գերագույն հրամանատար, ունի բանակ եւ ՀՀ-ում ընթացող քաղաքական գործընթացները կապ չունեն ԼՂՀ-ի հետ: Հնչում են տեսակետներ, թե Ազատության հրապարակի գործընթացները սպառնալիք են ԼՂՀ-ի համար, ես ուզում եմ ասել, որ ԼՂՀ-ն ունի բանակ, որեւէ մեկը չի խանգարում ԼՂՀ գերագույն հրամանատարին հետեւել գործընթացներին”,-ասաց` Փաշինյանը` առաջարկելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք չի նշանակի պաշտպանության նախարար:
“Նոր իշխանությունը կարող է պարտավորվել, որ մեկ տարի զինված ուժերում որեւէ փոփոխություն չի կատարելու եւ նախարարի պաշտոնը ստանձնելու է ՊՆ փոխնախարարներից մեկը”,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ ասաց, որ երեկ իրենք կազմել են ստվերային իշխանությունը, բայց անուններ չցանկացավ տալ: Հավաքվածների պահանջով նա սակայն տվեց մի քանի անուն` Պարգեւ Օհանյան, Խաչատուր Սուքիասյան, Լիլիթ Գալստյան, Սահրադ Պետրոսյան, Վահե Գրիգորյան, Արա Շիրինյան, Կարինե Խոդիկյան, Հրանտ Բագրատյան: