”Ժառանգությունը” մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին
”Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորի զորակցության, աջակցության, միասնության համար: Մենք իրար ուժ ենք տալիս և մի բռունցք դարձած մեր պայքարը տանում ենք: Ժողովուրդը ոչ մի քայլ չի անելու առանց ինձ, և ես ոչ մի քայլ չեմ անելու առանց ժողովրդի”-քիչ առաջ ”Ազատության” հրապարակում ասաց ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ՍԴ-ը բաց թողեց իր վերջին հնարավորությունը` կիրառել սահմանադրական վճիռ և տապալեց իր վերջին փորձությունը: ”Սրանից հետո ոչ միայն գործադիր իշխանությունը, այլև դատական իշխանությունը մինչև ՍԴ պիտի ձևավորվի մեր կողմից` ժողովրդի կողմից”,-նկատեց նա: Վերջինս հարց ուղղեց ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` հետաքրքրվելով, թե ինչու էր նա գտնվում ՍԴ-ում իրենց դիմումի քննարկման ժամանակ:
”Հրայր Թովմասյան, ինչ գործ ունի արդարադատության նախարարը, ով պետք է պաշտպանի բոլոր հայերի արդարությունը, ցավում եմ Հրայր, ոչ մի ամոթ, ցավ”:
Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին: ”Ես զեկուցում եմ հետևյալը, որ սկզբունքով, ինչպես մենք մասնակցեցինք բոլոր թերահավատների դիմաց նախագահական ընտրություններին, այսօր մենք հաղթեցինք, այսօր մենք տանելու ենք այս հաղթանակը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, և իշխանությունը լինելու է ժողովուրդը: Որպես սկզբունք մեր ժողովուրդը մասնակցելու է բոլոր հնարավոր ընտրություններին, այդ թվում Երևանի ավագանու:
Այն ցուցակը, որը կներկայացվի հաջորդ շաբաթ, Երևանի հաջորդ քաղաքապետը լինելու է մեզանից մեկը, դա ես չեմ լինելու, դա լինելու է մեզանից մեկը, և մենք միասին այս հաղթանակը տանելու ենք Երևան և վերադարձնելու ենք քաղաքը Հայաստանի ժողովրդին, մանրամասների համար սպասեք մինչև հաջորդ հաղթահավաքը”,-եզրափակեց Հովհաննիսյանը: