26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երբ այդ երեխաները ոչինչ չունեին ուտելու, ես աղոթում էի

Ներումը կյանքի բանալին է: Եթե հրաժարվում ես ներել, մերժում ես կյանքը» 25 ապրիլի, 2016թ.

 2016թ. ապրիլի 24-ին Երևանում կազմակերպված Avrora prize մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը շնորհվեց աֆրիկյան Բուրունդիում մոտ 30 հազար երեխաների կյանք փրկած մի կնոջ՝ Marguerite Barankitse-ին:

Այստեղ չեմ ուզում անդրադառնալ Avrora մրցանակաբաշխության առաջադեմ գաղափարախոսությանը, հայկական միջազվայրում մտցրած նոր մտածողությանն ու հիանալի պտուղներին, միջազգային մամուլում ունեցած ահռելի արձագանքին, այլ կուզենայի երկու խոսքով պատմել այդ եզակի կնոջ մասին, ով, ի դեպ, կաթողիկէ է և ում կյանքը քրիստոնեական սիրո գեղեցիկ մի արտահայտություն է:

Կենտրոնական Աֆրիկայի Բուրունդի պետության մեջ 1993-2005թթ. տեղի ունեցավ քաղաքացիական պատերազմ`հութու և տուտսի ցեղախմբերի միջև, որոնց միջև համակամատությունը քաղաքական և տնտեսական հիմքեր ունի ու սկսվել է 1962թ. Բելգիայի տիրապետությունից անկախանալուց ի վեր, երբ երկրում տեղի ունեցան առաջին քաղաքական ընտրությունները: Երկու ցեղախմբերի միջև հակամարտության հետևանքով սպանվել է ավելի քան 300.000 մարդ: Ահավոր բռնությունների ու դաժանությունների պայմաններում Բուրունդիում կարիք կար հոգ տանելու հազարավոր որբ երեխաների մասին`տալով նրանց խաղաղ ապագա կառուցելու կարելիություններ, քրիստոնեական սկզբունքների համաձայն ապրելու, աղոթքով ու սիրով ապրելու հնարավորություն: Նման առաքելություն ստանձնեց Մեգի Բարանկիթսե անունով մի կին, ով ինքը զոհ է դարձել բռնությունների ու կորցրել հարազատներ`միջցեղային վրեժխնդրության համար:

Մարգարիտ Բարանկիթսեն ծնվել է աֆրիկյան Բուրունդիում: Վաղ տարիքում Մարգարիտը կորցրել է հորը: Փոքրուց նա սովոր է եղել օգնել ուրիշներին: Մարգարիտն ուներ մեկ եղբայր, բայց մայրը որդեգրել էր ևս 8 երեխաների`քրիստոնեական սիրուց դրդված: Դեռ այն ժամանակ Մարգարիտը կամ Մեգգին երազում էր կարիքավոր երեխաների համար գյուղեր կառուցելու մասին:

Մեգին ստացել է մանկավարժական կրթություն և պատրաստվել ուսուցչության, ապա երեք տարի սովորել Ֆրանսիայի Լուրդ քաղաքում: Ֆրանսիայից վերադառնալով`Մեգին սկսել է աշխատել Ռուիջիի միջնակարգ դպրոցում: Այդ տարիներին նա որդեգրեց իր աշակերտներից մեկին`Քլոեին, ով կորցրել էր ծնողներին: Այդ երեխան հութու ցեղախմբից էր, իսկ Մեգգին`տուտսի, ինչն արդեն մեծ բարդություններ էր ստեղծում Մեգիի համար: Բայց նա չընկրկեց: Հետագայում նա որդեգրեց ևս չորս երեխաների`ուշադրութուն չդարձնելով նրանց էթնիկ պատկանելությանը: 1980-ականներին Մեգին սովորել է Շվեյցարիայում, ապա վերադարձել դարձյալ հայրենի Բուրունդի և կաթողիկէ թեմի առաջնորդարանում աշխատել որպես գործավարուհի մինչև 1993թ. ողբերգական իրադարձությունները:

Տուտսիների ու հութուների միջև հակամարտությունը դարձյալ վերածվեց արյունահոսության: Տուտսի ռազմիկները փնտրում էին հութուներին`վրեժխնդիր լինելու համար: Մեգին ևս նրանց ձեռքն է ընկել.նրան համարում էին դավաճան`կաթողիկէ լինելու և այլազգի երեխաներ որդեգրելու համար: Ծայրահեղական ռազմիկները մերկացրել են Մեգիին ու կապել աթոռից, ստիպել մնալ այդ դիրքում և նայել, թե ինչպես են նախ այրում շենքը, որպեսզի թաքնվողները դուրս գան իրենց թաքստոցներից, ապա նրանց դաշույնով սպանել են դաժանաբար, Մեգիի աչքի առաջ: Այդ օրը խորապես ցնցել է Մեգիի ներաշխարհը և որոշ ժամանակ անց որոշել է պայքարել բռնության դեմ`երեխաների մեջ սեր սերմանելով:

Մեգին այդ իրադարձությունից հետո ապաստանել է գերմանացաի հումանիտար մի աշխատողի տանը` իր մոտ պահելով նաև փրկված երեխաներին: Քաղաքացիական պատերազմն ընթանում էր, և ամեն օր նոր երեխաներ էին դիմում Մեգիիի օգնությանը: Նրան համարում էին խելքը թռցրած մի կին, ով համարձակվել է ընդունել բոլոր որբուկներին`երբեք ոչ ոքի չմերժելով`անկախ էթնիկ ծագումից: Բայց Մեգին և նրա երեխաները միայնակ չէին, երեխաների մասին հոգ տանելը հնարավոր եղավ նվիրատվությւոնների շնորհիվ: Մեգին ոչինչ չէր մնում անել, քան շարունակել հոգ տանել երեխաների մասին`լայնացնելով իր գործունեությունը:

Նա իր կազմակերպությանը տվեց անուն`Մեզոն Շալոմ`խաղաղության տուն: Իր ձեռնարկը շարունակելու համար տեղ էր անհրաժեշտ, գտնվեցին կառույցներ, որոնցում ապաստանեցին երեխաները: Նրանց թիվն աստիճանաբար շատացավ և հետագայում Մեգին կենտրոններ հիմնեց նաև Բուրունդիի այլ քաղաքներում, որոնք սակայն գործեցին մինչև 2001 և 2003թթ.: Իսկ Մեզոն Շալոմը շարունակում է իր գործունեությունը մինչ օրս: Սկզբնական օրերին, քաղաքացիական պատերազմի բովում Մեգին ջանում էր գտնել իր մոտ ապաստանած երեխաների ծնողներին`հասկանալով, որ նրանց համար լավագույն վայրը կարող է լինել միայն ընտանիքը: Երբեմն Մեզոն Շալոմը, երբ գտնում էր որբերի տները, հարևաններին խնդրում էր և նաև աջակցում պահպանել այն հողը, որտեղ պիտի վերադառնային երեխաները չափահաս դառնալուց հետո և ապրեին:

1990-ականների վերջին տեղահանաված շատ ընտանիքներ սկսեցին վերադառնալ իրենց բնակության վայրերը: 1999թ. Մեզոն Շալոմը 121 երեխաների վերադարձրեց իրենց ընտանիքներին կամ համայնքներին Գերմանիայի Կարիտասի և Յունիսեֆի օգնությամբ: Բուրունդիի շատ այլ շրջաններում սակայն բռնությունները շարունակվում էին և շատ երեախներ ստիպված էին մնալ Մեզոն Շալոմում:

Իր գոյության 20 տարիների ընթացքում Մեզոն Շալոմի գործունեությունը ընդլայնվել է` ներառնելով իր մեջ դպրոցներ, հիվանդանոց, գյուղատնտեսական կոոպերատիվներ, միկրոֆինանսավորման համակարգ և այլ նախագծեր: Մեգին ի սկզբանե նպատակ չէր ունեցել որբանոցներ ստեղծելու, այլև օգնելու, որ երեխաները դաստիարակվեն Աստծո սիրով, լինեն խաղաղարարներ, դառնան խաղաղություն քարոզող մի նոր սերունդ: Մեգի Բարանկիթսեն բազում միջազգային պարգևներ է ստացել իր կարևոր գործունեության համար: 2013թ. Դյուքի աստվածաբանության համալսարան այցելած ժամանակ Մեգին հարցազրույց է ունեցել լրագրող Դեվիդ Քրաբթրիի հետ:

Ներկայացեմ այդ հարցազույցից մի քանի հատվածներ:Այն հարցին, թե ինչու Մեգին ստեղծեց Մեզոն Շալոմը, նա պատասխանել է. «Երբ ես նայում էի աչքիս առաջ մեռնող այդ մարդկանց, ես որոշեցի կոտրել այդ անտարբերությունը, լռությունը: Ես ուզում եմ կարեկցանք, ուզում եմ ստեղծել մի նոր սերունդ, որը կկոտրի բռնության այս շրջափուլը»: Մեգին միշտ ասում է, թե սերն իրեն հայտնագործող դարձրեց: Այդ միտքը նա այսպես է բացատրում.«Սերը մեզ դարձնում է հայտնագործողներ, որովհետև եթե սիրում ես, կգտնես մի լուծում այդ երեխաների աչքերում: Երբ այդ երեխաները ոչինչ չունեին ուտելու, ես աղոթում էի ու ասում.

«Աստված, գիտեմ, որ ուզում ես կյանք, սեր, ուժ տուր ինձ» և լուծումը գալիս էր: Մի լրագրող եկավ ու ասաց, որ կա մեկն, ով պատրաստ է օգնել: Շատ անգամ երեխաներն են լուծում առաջարկել օրինակ այն մասին, թե ինչպես կարելի է եղած ալյուրով թխվածքներ թխել, ապա դրանք վաճառել ու լոբի գնել, ճաշ պատրաստել, որպեսզի սոված չմնան: Մեգիի առաջնահերթ խնդիրներից մեկը բոլոր երեխաների համար հավասար պայմանների ապահովումն է`դպրոց գնալու հնարավորությունների ստեղծում թե որբերի և թե ծնողներ ունեցող երեխաների համար: Նա ստեղծել է նաև թատրոն, ուր տուտսիներն ու հութուները կարող են միասին ֆիլմ դիտել ու զրուցել:

Երկխոսության ձևավորումը երկու էթնիկ խմբերի միջև պատերազմներից խուսափելու երաշխիքներից է, վստահ է Մեգին: «Մենք այնտեղ չենք միայն սնունդ և հագուստ մատակարարելու համար, այլև`արժանապատվություն և հույս».ասել է Մեգին լրագորղին: Մեգին պատմում է, որ շատ դառնություններ ու ահավոր տեսարաններ է տեսել`սպանություններ, դիակների կույտեր, մեռնող մայրեր, երեխաներ և հաճախ չի հասկացել, թե ինչպես կարող է Աստված սեր լինել ու հանդուրժել նման դաժանություններ: Բայց հետո, պատմում է, որ իր որդեգրված աղջկան է օգնել հասկանալ Աստծո սերը, գնահատել կյանքը և քայլեր ձեռնարկել այդ սերը աշխարհում տարածելու համար: Շատ հետաքրքիր է ներելու մասին Մեգիի համոզումները.«Ներումը կյանքի բանալին է: Եթե հրաժարվում ես ներել, մերժում ես կյանքը»:

Ներման համար ժամանակ պետք է անցնի, ասում է Մեգին, այն գրքի էջի նման է, պետք է կարդաս, և կարդաս մարդասպանների ու տառապյալների հետ միասին, ապա որոշես ու շրջես էջը և գրես մեկ այլ էջ`մի գեղեցիկ  էջ: Եվ դա թույլ կտա շարունակել կյանքը, համոզված է Մեգին.«Եթե չես ուզում ներել, ապա սրտումդ ատելություն ունես, և դա կսպանի քեզ, որովհետև ատելությունը սպանում է, որովհետև դա բռնության շրջապտույտ է»:

Մեգին ասում է, թե ներելը մեզ ոչ թե թույլ է դարձնում, այլև`հզոր: «Էջը շրջելը հեշտ չէ, որովհետև երբ ես վերադառնում եմ իմ գյուղը, ես երբեմն լալիս եմ, որովհետև ես հիշում եմ եղբայրներիս, քեռիներիս, որովհետև 60 մարդ սպանվել է իմ ընտանիքում, և ընտանիքս ուզում էր վրեժխնդիր լինել ու իրենք էլ դարձան մարդասպաններ: Ներելը գործընթաց է, այն Աստծո պարգևն է»: Ներելով է, որ Մեգին կարողանում է  կառուցել մարդասպանների զոհերի երեխաների ապագան: Նա չի սովորեցնում այդ երեխաների դառնալ ապստամբներ ու մեծանալով`զենք վերցնել` իրենց ծնողներին սպանողներին սպանելու համար, այլ խաղաղարարներ է պատրաստում, որպեսզի վերջ տա պատերազմներին, միջէթնիկական ատելությանը, որը բռնություններ է ծնում:

Տեր Հովսեփ քահանա Գալստյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ