Հայց են ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանի դեմ
2013 թ. մարտի 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածների բողոքի քննությունը ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը եւ հրապարակային ներողություն խնդրել:
Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցը: Մատաղիսի գործի շրջանակներում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել ենք չկատարած հանցագործության մեջ:
www.aravot.am եւ www.lragir.am լրատվական միջոցների լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. “Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին”, “Դրանք մարդասպան են”, “Դրանք մարդասպաններ են եւ պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը”:
“Գագիկ Ջհանգիրյանն իր արտահայտություններով նպատակ է ունեցել արատավորելու Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ խախտել է նրանց անմեղության կանխավարկածը՝ միտում ունենալով բացասական տպավորություն ստեղծել”, նշված է հայցադիմումի մեջ:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պահանջում են վիրավորանք հասցնելու համար Գագիկ Ջհանգիրյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, հօգուտ իրենց բռնագանձել 300.000 ՀՀ դրամ վիրավորանք հասցնելու եւ 300.000 ՀՀ դրամ զրպարտելու համար, ինչպես նաեւ ճանաչել Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ